Սերժ Թանկյանի ահազանգի հետքով. արգելել ԳՁՕ-ի արտադրությունը
ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՑԻՆ
Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան գրառումը իրար խառնեց անգամ Հայաստանի պատկան մարմիններին: Հայազգի ռոքերի անհանգստությունը պատահական չէր:
Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել էր Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև:
Համաժողովին ներկա են եղել Monsanto-ի ներկայացուցիչները, որոնք ցույց են տվել իրենց արտադրանքն ու պատմել մատուցվող ծառայությունների մասին: Բացի այդ, նրանք հետաքրքրվել են Հայաստանում բիզնես ծավալելու հնարավությունների մասին:
Եվ ահա Սերժ Թանկյանը հորդորում է հեռու մնալ մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից: Այս «հակագովազդը» ամենևին էլ պատահական չէ:
Պարզվում է՝ Հայաստանում վաճառվում է ԳՁՕ պարունակող մթերքներ՝ լոլիկ, եգիպտացորեն, պղպեղ: Ըստ ԳԱԱ Էկո և սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանի՝ ԳՁՕ պարունակող մթերքների աճեցումը վնասակար է տնտեսության համար, քանի որ տվյալ հողակտորը հետագայում այլևս չի կարող պիտանի լինել օրգանիկ մթերք աճեցնելու համար: Թեև Հայաստանում օրենքով արգելված չէ ԳՁՕ պարունակող մթերքների արտադրությամբ զբաղվել, սակայն Դավիթ Պիպոյանը կարծում է, որ պետք է օրենքով արգելել դրանց արտադրությունը Հայաստանում, հատկապես՝ մենք ունենք օրգանական գյուղատնտեսություն զարգացնելու բոլոր նախապայմանները:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստան էին եկել ամերիկացի երիտասարդ գործարարներ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում և Արցախում օրգանական գյուղատնտեսություն զարգացնել:
- Հայաստանը չի կարող արգելել ԳՁՕ մթերքների մուտքը մեր երկիր, քանի որ կան շատ աշխարհահռչակ ֆիրմաներ, որոնց մթերքների մեջ կան ԳՁՕ-ներ, բայց մենք կարող ենք գոնե մեր երկրում չաճեցնել նման մթերքներ,- ասաց Պիպոյանը:
Ի պատասխան այս մտահոգություններին՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ: Ու փոխանակ պատկան կառույցը՝ Գյուղնախարարությունը, Սերժ Թանկյանի հայտարարությունն դիտարկեր որպես ահազանգ և խորությամբ վերլուծեր, ընդամենը հայտարարություն արեց: Իսկ ԱՄՆ դեսպանատուը ուշագրավ մեկնաբանություն էր տվել:
«Մոնսանտո» ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից, իսկ նրա արտադրանքից և ծառայություններից օգտվել-չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից: