«Ձրի պանիրը թակարդում է». առևտրականների բողոքի ակցիան՝ ԱԺ-ի մոտ

ԳՈՒՑԵ ՍԿՍԵԼ ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԻ՞Ց

Ի սկզբանե նշենք՝ տպավորությունն այն էր, որ Ազգային ժողովի շենքի դիմաց առևտրականների այսօրվա բողոքն ուղղորդված էր: Քանի որ մեծ մասամբ հավաքվել էին տոնավաճառի աշխատակիցները և պահանջում էին միայն «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ հանդիպում: Էլ չենք խոսում գովեստի խոսքերը «Ծառուկյան» դաշինքի հասցեին: Այն, որ կառավարությունն ուզում է  ստվերի դեմ պայքարել, լավ է, բայց արդյոք ճիշտ չէ պայքարը սկսել խոշոր «ձկներից»:
 
ԱԺ շենքի մոտ այսօր հավաքվել են 50-ից ավելի առևտրական, ովքեր բողոքում են ոչ միայն հարկային մարմնի պարբերաբար իրականացվող ստուգումներից, այլև՝ նաև օնլայն տարբերակով ապրանքաշրջանառությունը կազմելու ու լիազոր մարմնին ներկայացնելու հարկայինի պահանջի դեմ: Ստուգումների նպատակը մեկն է՝ բացահայտել առևտրականների առքուվաճառքի իրական շրջանառությունը:
 
Առևտրականները լրագրողների հետ զրույցում ասացին, որ հարկային մարմինների տուգանքներից խուսափելու  համար ստիպված են հաշվապահներ պահել, ովքեր մեծ գումարներ են պահանջում՝ մանրակրկիտ փաստաթղթավորման համար: Առևտրական Անահիտ Խաչատրյանը կոնկրետ օրինակով փորձեց հասկանալի դարձնել խնդիրը. 
 
- Ես բերել եմ 20 հազար հատ շալվար, որի մեջ կարող է լինել անորակ ապրանք: Իմ բերած ապրանքի մի մասը ինձնից գնում են՝ առևտրի կենտրոններում վերավաճառելու նպատակով: Սակայն լինում են դեպքեր, երբ վերավաճառողը հետ է ուղարկում ապրանքը, քանի որ այն անորակ է: Մինչ այդ հարկային տեսուչը  ֆիքսում է 20.000 հատ շալվար, իսկ հետո, երբ վերավաճառողն անորակ ապրանքը ետ է ուղարկում, ինձ մոտ մնում է օրինակ 18.000 հատ շալվար, քանի որ 2000 հատ շալվարն անորակ է: Եթե հարկային տեսուչն այդ ժամանակ ստուգի ինձ և տեսնի, որ ինձ մոտ կա 18 հազար հատ շալվար, ոչ թե 20 հազար, ապա ինձ կտուգանի՝ թվերի անհամապատասխանության պատճառով: 
 
Առևտրականներն ասացին, որ իրենք առայց այդ էլ 32 տոկոս հարկ են վճարում, բայց ստուգումներից ազատվելու համար պատրաստ են 1.5 տոկոս էլ ավելի վճարել՝ միայն թե իրենց ամեն օր չստուգեն, փաստաթղթեր չպահանջեն:
 
Ի պատասխան այս  պահանջին՝ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նախորդ տարի ասել էր, որ առևտրականներից հարկերը հավաքելու համար պետք է նրանց իրական շրջանառությունն իմանան: Այս հարցը լսելուն պես առևտրականները զայրացան. 
 
- Իսկ մենք գիտե՞նք, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում,կամ իմ տանն ինչ սուպ եմ ուտում: Ինչո՞ւ է ուզում իմանալ, թե ինչքան է մեր շրջանառությունը: Թող ստուգումները սկսեն մաքսակետերում:
 
Խորհրդարանում այս հարցից խուսափել չկարողացան, քանի բյուջեի քննարկում էր: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը բարձրացրել է առևտրականների բողոքը: Իսկ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանն էլ ասել է՝ առևտրականներին առաջարկել են անվճար հաշվապահներ, ովքեր կիրականացնեն նրանց ողջ փաստաթղթավորումը:
 
Առևտրականները լրագրողների հետ զրույցում ՊԵԿ-ի նախագահին՝ հորդորեցին անվճար հաշվապահներն իրեն պահել.
 
- Ձրի հոլանդական պանիրը միայն թակարդում է լինում: Այդպես են անում, որ մենք ընկնենք թակարդը: 
 
Առևտրականները սպառնացին, որ եթե ՊԵԿ-ը շարունակի ստուգումները՝ պահանջելու են նրա հրաժարականը: 
 
Տոնավաճառի աշխատակիցները նաև ցանկանում էին հանդիպել ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան հետ: 
 
40 րոպե ուշացումով հանդիպումը կայացավ: Բողոքի մասնակիցները ներկայացրին իրենց բողոքը, որից հետո Միքայել Մելքումյանն ասաց, որ առևտրականների խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ՝ սահմանվի հաստատագրված հարկային վճար և այլևս չանհանգստացնեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Պատգամավորը խոստացավ, որ իշխանության առաջ հարցը կբարձրաձայնեն՝ լուծում գտնելու: