Mea culpa. երբ արժեքավոր լռությունը հիմնավորվում է

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԱՍՈՒՄ՝ ՈՐՏԵՂ Է ԱԶՆԱՎՈՒՐԸ

Անցյալում մնացած պատմական դեմքերն էլ իրենց խորհուրդներով Հայաստանի փրկության ուղին ու ելքը  չեն  մատնանշում: Հիտլերից՝ Ստալին ու Չարենց, Տիգրան Մեծից՝ Ապագայի ղեկավար. անցյալի ու ապագայի այս կերպարներին կարող եք տեսնել Mea culpa 1 և «Սիրով՝ ապագայից կամ Mea culpa 2» ներկայացումներով:
 
Արդեն կես տարուց ավելի է, որ Ստանիսլավսկու անվան թատրոնում հանդիսատեսը տեսնում ու մտորում է մեր երկրի ապագայի կամ, ինչպես ներկայացման մեջ է ասվում՝ Երկիր Նաիրիի տեսլականի մասին: Ինչպե՞ս ունենալ հզոր ու բարեկեցիկ պետություն, արդյո՞ք պատմական Հայրենիքի հետ վերադարձը կլուծի մեր բոլոր պրոբլեմները: Պարզվում է՝ ոչ: Քանի դեռ ամեն մեկս իր մեղքի բաժինը՝ իր mea cupla-ն չի հասկացել, լուսավոր ապագա հազիվ թե ունենանք: Իսկ մեղքի բաժինները շա՜տ են ու անհամար՝ սկսած 10.000 դրամի ընտրակաշառքից մինչև մի երկու գրոշի համար թալանչիներին աստվածածացնելուց:
 
Ի՞նչ դեր ունի այս ամենի մեջ մտավորականությունը: Ունա՞կ է այդ խավը հանրությանն առաջնորդել: Ի պատասխան՝  ներկայացման գլխավոր դերակատար Հրանտ Թոխատյանն ասում է, որ մտավորականները զբաղվում են իրենց գործով:  Սցենարի հեղինակ Վահրամ Սահակյանն էլ ասում է, որ երբ Փարիզում ահաբեկչություն է լինում, ոչ ոք չի ասում՝ որտեղ է Շառլ Ազնավուրը: 
 
- Ստեղծագործողները, մտավորականները շատ տարբեր մարդիկ են. կան շատ կարիերիստներ, կան շատ շնորհալիներ և անշնորհքներ, սկսնակներ, ինքնուսներ, և կան լացողներ: Ես, օրինակ, ուզում եմ ներկայացում անել. դիմեմ ինչ-որ մեկին՝ չստացվի, ինձ թույլ չեմ տա լաց լինել: Չի ստացվել, չեմ կարողացել ուրեմն՝ էլի մեա կուլպա: Մտավորականները չեն կարող համախմբվել: Ամեն արվեստագետի ցանկությունն է՝ խառնվե՞լ հասարակական այս իրադարձությանը, թե՞ չէ:
 
Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս են որոշում խառնվել կամ չխառնվել այս կամ այն իրադարձությանը: Չմոռանանք, որ մենք ունենք արվեստագետներ, ովքեր ևս արհեստավարժորեն կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը և ակտիվ են հասարակական-քաղաքական իրադարձություններում: Այլ հարց է՝ նրանց տեսակետն ընդունելի՞ է մեզ համար, թե՞ ոչ:
 
Արդյո՞ք լռող արվեստագետները միայն խղճով են առաջնորդվում, թե՞ նաև ինչ-ինչ շահեր, այնուամենայնիվ, կան: Հիշենք «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը.
 
- Լռությունն արժեք ունի՝ գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից  ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանը:
 
Իսկ զայրացկոտ այս գրառման առիթը Արաբկիրի «Կանազի» մշակույթի պալատն է, որը տրվել է «Արվեստի այբուբեն» հիմնադրամին և որի ժամանակավոր պաշտոնակատարն  է Հրանտ Թոխատյանը: Հիմնադրամ, որը նախորդ տարի ոչ մի գործունեություն չի ծավալել: Թոխատյանը հորդորում է դրան ուշադրություն չդարձնել: Կարևորն այն է, թե ովքեր են հիմադրամի ղեկավարները: 
 
Հրանտ Թոխատյանի համար անհասկանալի են  մտավորականների՝ նաև իր հասցեին հնչող որակումները իշխանություններին ծախված լինելու մասին.
 
- Դուք և ձեր գործընկերներն անընդհատ ինձ ասել եք՝ ծախված, բայց չեմ հասկանում, թե ո՞րն է իմ ծախվածությունը: Ես միակ մարդն եմ, որ հրաժարվեցի վաստակավոր արտիստի կոչումից, որովհետեւ տվել էին՝ առանց հիմնավորելու: Հիմա էլ ժողովրդականի կոչում տվեցին, հիմնավորեցին՝ վերցրեցի: Բայց դրանից կենսամակարդակս չբարձրացավ, կոմունալ ծախսերս չպակասեցին, ոչ էլ դրանից հետո ավելի լավ սկսեցի խաղալ: Միայն աղջիկս է ուրախացել, մեդալը կպցնում է շորին ու գնում է դպրոց:
 
Ինչ վերաբերում է «Կանազի» մշակութային պալատի ճակատագրին, Թոխատյանը  հավաստիացնում է՝ այն խորովածանոց կամ այլ կառույց չի դառնալու: ՀՀ ժողովրդական արտիստը ցանկանում է մշակույթի պալատում մանկական թատրոն ունենալ, կարգի բերել շենքը, անկախ այն հանգամանքից՝ ուզո՞ւմ է դա Զարուհի Փոստանջյանը, թե՞ ոչ:
 
Ինչո՞ւ վարձակալել 99 տարով:
 
Ըստ դերասանի՝ կա այդպիսի օրենք և նախադեպեր.
 
- Ես դիմել եմ 99 տարով, որովհետեւ դա մաքսիմալ ժամկետն է, եթե մաքսիմալ ժամկետը 300 տարի լիներ, ես 300 տարով կդիմեի, որովհետև այն ծրագիրը, որը ես ներկայացրել եմ և ուզում եմ կյանքի կոչել, դրա համար պետք է երկար ժամանակ ու բավականին մեծ ներդրումներ: Չի սարքվում խանութ, ռեստորան, լցակայան, որևէ բան, որ անմիջապես եկամուտ է բերելու: Ես ուզում եմ ստեղծել մի բան, որն այն եկամտաբերությունը չունի, ինչը համարժեք լինի ներդրումային ծրագրին:
 
Իսկ Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանն ի՞նչ կապ ունեն դրա հետ: 
 
Ոչ մի: Պարզապես՝ եթե Ատոմ Էգոյանը ցանկանա, կարող է «Կանազի» մշակույթի պալատում վարպետության դասեր տալ: