Ուղեփակոց՝ սփյուռքահայ ներդրողի ճանապարհին

ԱՅՍ ԱՄԵՆԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ Է ՕՏԱՐԸ

Հայաստանին ի՞նչ են տալիս օրեցօր ավելացող ՀԷԿ-երը:
 
Ըստ բնապահպանների՝ փոքր ՀԷԿ-երի պատճառով գետային էկոհամակարգերը ջերմային և վիբրացիոն սթրեսների են ենթարկվում: Համայնքներից օտարվում են հողերը: Տեղի բնակիչներին չի բավարարում խմելու և ոռոգման ջուրը գետի այն հատվածներում, որտեղ տեղադրված է օբյեկտը: Բայց արի ու տես, որ ՀԷԿ-ի ախորժակ ունեցող պաշտոնյաներին սա բնավ չի հետաքրքրում: Բանը հասել է նրան, որ այդ ՀԷԿ-ի պատճառով  տուժել է նաև լիբանանահայ գործարար Օհաննես Ստեփանյանն ու հայաստանաբնակ   գործընկերը՝ Տիգրան Եղոյանը: Նրանք լրագրողների հետ զրույցում  ներկայացրել են այն անիրավությունները, որոնց սարդոստայնում  հայտնվել են:  
 
Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն  ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Հայրենիք-Սփյուռք համաժողովում բարձր գնահատեցին Սփյուռքի դերը՝ Հայաստանի տնտեսության զարգացման  մեջ:
 
Լիբանանահայ գործարարը, չսպասելով վարչապետի հրավերին և այդ հրավերից մեկ տարի առաջ Վայոց ձորի Շատին համայնքում հիմնել է «Գեղաստղ» ընկերությունը, որն իր կառուցած անասնագոմերում բուծում է խոշոր և մանր եղջերավոր անասուններ: Սակայն անցյալ տարվանից Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունն ու 19 ՀԷԿ-երի սեփականատերեր գործարարների կյանքը վերածել են  դժոխքի: Գերակա շահի ու համայնքի թույլտվությունն ունենալու հիմնավորմամբ՝ «Գեղաստղ» ընկերության 7 հա տարածքի 3,5 հեկտարը խլել են, կառուցել հենասյուն, որի կարիքը, ըստ Եղոյանի, չի եղել: Դրանից հետո զարմանալի  պատահականությամբ, հենասյունն ընկել է ու վնասել անանսագոմերը, փակել անասունների արոտավայրի ճանապարհը: 
 
Սա դեռ ամենը չէ: 
 
Եթե Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունը անհասկանալի հենասյուն կառուցելով է փորձում խրտնեցնել գործարարին, իշխանամերձ շրջանակների պաշտոնյաների ՀԷԿ-երի պատճառով «Գեղաստղ» ընկերությունը չի կարողանում ջրաղաց կառուցել, ինչը, թերևս, ավելի օգտակար կլիներ, քան նույն հիդրոկայանները: 
 
- Մենք միտումնավոր էինք խոնավ հող ընտրել, որ կարողանայինք գոմեշաբուծությամբ զբաղվել, սակայն հիմա գետը չորանում է: Պատկերացնո՞ւմ եք՝ 32 կմ գետի վրա 19 ՀԷԿ է կառուցված, այդ գետն արդեն դարձել է առու: Հիմա մենք ինչպե՞ս կարող ենք զբոսաշրջիկին բացատրել, որ գետն առու է դարձել,- լրագրողների համար մանրամասնել է Օ. Ստեփանյանը, ով փորձել է հայկական գյուղում հիմնել միջավայր, որը շահեկան կլինի գյուղացուն և հետաքրքիր կլինի զբոսաշրջիկների համար:
 
Տեսնելով, որ այս ամենի դեմ չեն կարողանում պայքարել, Ընկերությունը դիմել է կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին, Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարներին: Վերջիններս կցկտուր պատասխան են տվել: Եվ սա զարմանալի չէ: Ինչպե՞ս կարող է, օրինակ, բնապահպանությա նախարար Արծվիկ Մինասյանը ՀԷԿ-ի դեմ ծպտուն հանել, եթե իր կուսակից, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը ևս ՀԷԿ-եր ունի: Կամ, ինչպե՞ս կարող է վարչապետն իր կուսակիցների դեմ պայքարել: 
 
«Գեղաստղը» հիմա դիմել է դատարան՝ նախ պարզելու, թե ինչ հիմնավորմամբ է իրենց սեփական տարածքի 3.5 հեկտարը հանկարծ գերակա շահ ճանաչվել: Բացի այդ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունից սփյուռքահայ գործարարը նյութական փոխհատուցում է պահանջելու: 
 
Եթե Հայաստանի դատական ատյաններում ևս մեր  հայրենակիցները (ովքեր, ի դեպ, նաև Շատին համայնքում «Վերնատուն» անվամբ մշակութային կենտրոն բացելու նպատակ ունեն) հաջողության չհասնեն, դա հիմնավորապես կհիասթափեցնի Հայաստանի հետ հույսեր կապող սփյուռքահայերին, ովքեր վերջնականապես կմոռանան ետդարձի ճանապարհն ու Հայաստանը:
 
Ամենացավալին այն է, որ այս ամենին ականատես է լինում նաև օտարը: Այս պատմության մեջ կապալառու ընկերության ղեկավարը հնդիկ է, ով, տեսնելով այս անօրինությունները, հուսահատված ասել է, որ օր առաջ ուզում է հեռանալ Հայաստանից: Իսկ մեր իշխանությունն այս ֆոնին Հնդկաստանի հետ տնտեսական ու առևտրային  հարաբերությունների հաստատման հեռանկարի մասին է խոսում: