Դարի բարիքը՝ դարի չարի՞ք

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ը ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

«Ի՞նչ եմ անում դպրոցը, երբ կան բակն ու փողոցը». այս խոսքերն այսօր ժպիտով կհիշի «սովետի ժամանակների» յուրաքանչյուր «հին» մարդ: Սա այն տարիների հումորներից էր, որով հանդիմանում էին անպատրաստ դպրոց եկողներին:
 
Այն տարիներին դպրոցականների հիմնական «ժամանցավայրը» բակն ու փողոցն էր: 21-րդ դարում, սակայն, երբ օր օրի զարգանում է ՏՏ ոլորտը, բոլորովին այլ են երեխաների հետաքրքրություններն ու պահանջմունքները: Ոչ ոք չի կարող ժխտել համացանցի անհրաժեշտությունը մեր  օրերում, սակայն ո՞ւր մնաց գիրքը՝ թուղթը, գրքի բույրը, գիշերային ընթերցանությունը…
 
Բարեբախտաբար, վստահ կարող ենք ասել, որ այս ամենը դեռ շատերի համար մնում է անգերազանցելի հաճույք, իսկ դպրոցականներն այս շարքերում կա՞ն: 
 
Ի՞նչ են կարդում այսօր մեր երեխաները և կարդո՞ւմ են ընդհանրապես, թե՞ համացանցը նրանց գլխովին կորցրել է իր բավիղում: Հոկտեմբերի 22-ի՝ Դպրոցական գրականության միջազգային օրվա շրջանակներում այս թեմայով զրուցեցինք պատահականության սկզբունքով ընտրված երևանյան երկու դպրոցների հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհիների և մեկ դպրոցի գրադարանավարուհու հետ: 
 
Գրականության դասաժամերին դպրոցականներն այսօր ծանոթանում են թե՛ հայ, թե՛ օտար հեղինակների կյանքին ու ստեղծագործությանը: Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանն, օրինակ, դասագրքերից դժգոհ չէ. 
 
- Յոթերորդ դասարանի գրականությունը սկսում ենք Չարենցի ստեղծագործություններով: Ինչ վերաբերում է ժամանակակից գրողներին՝ առանձին հեղինակներ ներկայացված չեն: 12-րդ դասարանի գրքում ներկայացված են ակնարկի միջոցով:
 
Ըստ Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանի՝ 7-րդ դասարանի գրականությունը բարդ է, իսկ ցածր դասարաններում ներկայացվում են ժամանակակից գրողների ոչինչ չասող գործեր: Թերությունների կողքին ուսուցչուհին նշում է նաև առավելությունները, որոնցից մեկն իր կարծիքով վեցերորդ դասարանի գրականության գրքում ընդգրկված «Ես և իմ ընտանիքը» բաժինն է, որը պարունակում է հատվածներ մեր մեծերի մանկությունից:
 
Ուսուցչուհիների հետ զրուցեցինք նաև դպրոցականների չկարդալու պատճառների մասին: 
 
«Աշակերտները սիրո՞ւմ են կարդալ» հարցին Ն. Աբրահամյանը պատասխանում է հակիրճ՝ 
 
- Իհարկե, ո՛չ: Համակարգիչն ախտահարում է…: 35 աշակերտից 15-ն է կարդում,- նշեց Ա. Ստեփանյանը, ով նույնպես չկարդալը պայմանավորում է ժամանակակից բազմազան հետաքրքրություններով. 
 
- Իհարկե, առյուծի բաժինը համացանցինն է:
 
Ինչ վերաբերում է գրադարաններից օգտվելուն, ապա Է. Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Սրբուհի Չարվադարյանը փաստում է, որ ընթերցասեր աշակերտները ծրագրային գրքերից բացի գրադարանից վերցնում են նաև այլ հեղինակների գործեր. հիմնականում՝ սիրային, արկածային, դետեկտիվ՝ ըստ համապատասխան տարիքի:
 
- Փաստորեն, դարի բարիքը նաև դարի չարի՞ք է: Իսկապե՞ս համացանցն այդքան մեծ դեր ունի, որքան դրան վերագրվում է, թե՞, այնուամենայնիվ, ճիշտ է այն պնդումը, որ կարդացողը կկարդա՝ անկախ ամեն ինչից, իսկ չկարդացողը՝ ոչ: 
 
Այս հարցին ի պատասխան՝ հոգեբան Սամվել Խուդոյանն նկատեց. 
 
- Երեխան համացանցում էլ է կարդում: Շատերն էլեկտրոնային գրքեր են կարդում, բայց նաև ճիշտ է այն, որ վիրտուալ աշխարհը մարդուն՝ թե՛ մեծահասակ, թե՛ երեխա, հեռացնում է գրքերից: Տեսանյութերը, խաղերն ավելի գրավիչ են, քան գրքերը, բայց ծնողները, դպրոցը հանձնարարում են գրքեր կարդալ: Սակայն հիմա այլևս այն չէ. անցյալում ավելի շատ էին կարդում… Աուդիոգրքեր էլ կան, բայց քչերն են դրանք լսում, թեև հրատարակիչներն այսօր գրքերն ավելի գրավիչ են դարձնում: Գիրքն ու ընթերցանությունը շատ են զարգացնում ուղեղը, մեծերը պետք է գիրք կարդալու և գրելու ուղղութամբ դաստիարակչական լուրջ մոտեցումներ մշակեն, այլապես երեխաները գնալով ավելի կհեռանան գրքերից: