Մինչ ամենուր հաստիքներ են կրճատվում՝ ժողովուրդն ինքնաօպտիմալացվում է

ՀԻՇԵՑՆԵ՞ՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ՄԵԴԱԼ ԵՐԿՈՒ ԵՐԵՍ ՈՒՆԻ

Մինչ Հայաստանում գործազրկությունը նվազեցնելու ելքեր են որոնում, Կառավարությունը գլխապատառ շարունակում է այստեղից-այնտեղից կսմթելով՝ բյուջե լցնել: Գործադիրի այսօրվա նիստում դարձյալ որոշ հաստիքների կրճատման մասին որոշում է  ընդունվել:
 
Հաստիքների կրճատում է նախատեսվել
Առողջապահության նախարարությունում. կկրճատվի 35 հաստիք, որի շնորհիվ  կխնայեն 86 մլն դրամ:
 
Բացի այդ՝ նախատեսվում է նախարարության արտաքին կապերի բաժինը վերակազմավորել Միջազգային հարաբերությունների վարչության: «Թեժ գիծ» ծառայության աշխատանքի կարևորությունը հաշվի առնելով՝ նախատեսվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի կառուցվածքում ստեղծել առանձին ստորաբաժանում: Ենթադրվում է, որ այն ավելի արդյունավետ կդարձնի ծառայության գործառույթները: 
 
Օպտիմալացման մասին մյուս որոշումը վերաբերում է առողջապահական երկու կազմակերպությունների վերակազմակերպմանը, ինչի շնորհիվ  կրճատվի11 հաստիք, և կխնայվի 9 մլն դրամ: 
 
Պետական գանձարանի առանց այդ էլ սուղ միջոցներն արդյունավետ տնօրինելը, կամ ինչպես Կարեն Կարապետյանն է ասում՝ «ջեբի լոբիները հաշվելը» գովելի է: Սակայն մինչ օրս հստակ չէ, թե խնայված գումարներով քանի աշխատատեղ է բացվելու: Դեռ մեկ տարի առաջ կառավարության ղեկավարը կրճատումների առնչությամբ ասել էր, թե տնտեսված գումարներով  կարելի է, օրինակ, գործարան բացել: Սակայն այդ ուղղությամբ քայլեր կարծես թե չեն արվում: Իսկ եթե դեռ պետք է շարունակվեն միայն կրճատումները՝ համալրելով գործազուրկների բանակը, ուրեմն քանի՜ գործարան պետք է կառուցել… Բայց վերջին շրջանում ակտիվորեն ոչ թե գործարաններ են օպտիմալացվում, այլ այնպիսի հաստատություններ, որոնցում բանվորներ չեն աշխատում, որ կառուցվելիք գործարանում էլ գործ գտնեն: Իսկ եթե գործարան, ապա եղածները վերագործարկելն ավելի իրատեսական չէ՞: Սա՝ իմիջիայլոց:
 
Առողջապահության ոլորտին վերաբերող մյուս  որոշումը  բուժաշխատողների մասին է: 
 
- Բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով: Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: 
 
Բայց մի՞թե մինչ այս բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելը օրենքով չէր պատժվում: Անկախ մասնագիտությունից՝ յուրաքանչյուր անձի դեմ կատարված ցանկացած ոտնձգություն անպատիժ չպետք է մնա: Պատիժ է նախատեսված նաև մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդողների համար: Ստացվում է՝ բուժաշխատողների համար  հատուկ օրե՞նք պետք է ընդունվի: 
 
Եվ վերջապես, դատապարտելով հանդերձ բուժաշխատողի նկատմամբ բռնության ցանկացած փորձ, փորձենք մասնավորեցնել՝ հիմնականում ո՞ր դեպքերում են մարդիկ կորցնում հավասարակշությունը ու ձեռք բարձրացնում բժշկի վրա: Վերջիններիս մասնագիտական սխալ մոտեցման, անփույթ վերաբերմունքի, ինչի հետևանքները կարող են անուղղելի լինել: Բայց արի ու տես, որ այսպիսի դեպքերում, մասնավորապես՝ մանկաբարձ-գինեկոլոգների պատճառով ծննդկանի մահվան արդյունքում, նրանք պատժվում են պայմանական ազատազրկմամբ: 
 
Այսօր Կառավարությունում  հավանության արժանացած որոշման որոշման ջատագով, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մետաղադրամի այս կո՞ղմն էլ գուցե նայի: