«Լևոն Իգիթյանը և Կամո Արեյանը կատարել են խուլիգանություն, որպեսզի հաճոյանան Տարոն Մարգարյանին»
Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Ի թիվս այլ խնդիրների, հաղորդման մասնավորապես նշված է.
- Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի և Լևոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հոդված 258 ՝ խուլիգանություն:
Խտականության արգելքը հանրահայտ իրավունքի նորմ է:
Խտրականությունը, կախված սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից… կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Նիստը վարողը` տվյալ դեպքում Տարոն Մարգարյանը, իրավունք չուներ ելնելով մարդու սեռից և քաղաքական պատկանելությունից ընդհատեր ելույթները և անջատեր խոսափողը` մատնանշելով մարդու սեռը:
Սերգեյ Մակարյանի կողմից ապօրինության դրսևորումը` «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության խափանման փորձը` գործավարին ապօրինի աշխատանքից հեռացնելը և աշխատավարձը չվճարելը, իր մեջ պարունակում է քաղաքացու նկատմամբ խտրականություն և կուսակցության գործունեության խոչընդոտ:
Կամո Արեյանը և Լևոն Իգիթյանը իրավունք չունեին հանրային վայրում հայոյանք ու սպառնալիք հնչեցնել և դրսևորել խուլիգանական վարքագիծ: Տվյալ դեպքում հանրային վայր հանդիսացող ներկայացուցչական մարմինը, որը ներկայացնում է շուրջ 1 միլիոն քաղաքացու, Երևանի ավագանու նիստերի դահլիճը (ընթացող նիստի ժամանակ) դարձել է դեպքի վայր:
Լևոն Իգիթյանը և Կամո Արեյանը կատարել են խուլիգանություն՝ որպեսզի հաճոյանան Տարոն Մարգարյանին: Նրանք դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Երևանի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ նրանց կողմից հնչեցրած հայտարարությունները և ՀՀԿ այլ ներկայացուցիչների համերաշխ վարքագիծը փաստում է հասարակական կարգի և լայն հանրության կողմից ընդունված կենցաղավարության կանոնների խախտում, անհարգալից, անվայելուչ վարմունք՝ վարքագիծ:
Նման խուլիգանության դրսևորումը հանրորեն վտանգավոր արարք է, որն էական վնաս է պատճառում ինչպես պետության և հասարակության շահերին, այնպես էլ քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին: Այդ խուլիգանական տեսարանը հրապարակվել է և տարածում է ստացել հանրության լայն շրջանակում, այդ մասին տեղեկացել են նաև երեխաները:
Սկզբնական փուլում Տարոն Մարգարյանը և ՀՀԿ այլ ներկայացուցիչներ «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության խափանմանը ուղղված կատարել են հանցավոր գործողություններ` խտրականություն և կուսակցության գործունեության խոչընդոտում, որը մի քանի ամիս անց զուգորդվել է արդեն խուլիգանությամբ:
Ասվածի հիմնավորումներից հետո, «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը նշում է.
- Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ և այն օգտագործողները դրանց ազդեցության տակ դառնում չափազանց վտանգավոր հանրության համար` տվյալ դեպքում` Տարոն Մարգարյան, Լևոն Իգիթյան և Կամո Արեյան, անհրաժեշտ ենք համարում սույն հաղորդման հիմքով փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ և/կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը, հատկապես, որ ՀՀԿ վերնախավի շրջանում լայն տարածում ունեն մոլի թմրամիջոց և/կամ ալկոհոլ օգտագործողները:
Ո՞րն է Զ. Փոստանջյանի պահանջը.
- Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 և 258 հոդվածներով պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին: