Տեսախցիկներից հեռու մի ուրիշ իրականություն

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՍԱ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ

Այնքան էլ ընդունելի չէ, երբ քաղաքացիները բարձրաստիճան պաշտոնյաներին դիմում են հասարակական վայրերում՝ իրենց խնդիրների լուծման խնդրանք կամ պահանջ ներկայացնելով: Իհարկե՝ եթե տվյալ պաշտոնյան քաղաքացիներին հանդիպման չի հրավիրել՝ նրանց ձայնը լսելու:
 
Սա՝ միակողմանի էթիկայի շրջանակներում: Բայց  նույնիսկ մանրադրամը երկու երես ունի: Այս պարագայում՝ քաղաքացին հարկադրված է այդ էթիկան խախտում, որովհետև իր խնդրանքը բարձրաստիճան հասեատիրոջը հասցնելու այլ հնար չունի:
 
Հեռուստաեթերներում հասարակ մարդկանց հետ ասող-խոսող ժպտերես բարձրաստիճաններին տեսնելով՝ թվում է, թե նրանք այնքան ժողովրդավար են, որ պատրաստ են շփվել իրենց հարկատուների հետ, լսել նրանց դարդն ու ցավը ու դեռ օգնելու պատրաստակամություն հայտնել: Բայց արի ու տես, որ շատերի ժողովրդավարությունն   ընդամենը տեսախցիկային  խաղ է…
 
Կարեն Կարապետյան-քաղաքացի այսօրվա երկխոսությունը կարծես դրա վկայությունն է: Երկխոսությունից պարզ  է դառնում, որ 15 տարի է՝ քաղաքացին իրենից խլած բնակարանի համար է պայքարում: Դեռ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ նա դիմումներ է հասցեագրել Կարեն Կարապետյանին՝ հավատալով նրան: Սակայն ոչնչի չի հասել: Վարչապետ նշանակվելուց հետո ևս դիմել է. դարձյալ՝ ապարդյուն: Ու այսօր հաջողեցրել է դեմ առ դեմ հանդիպել նրան ու փորձում էր հիշեցնել.
 
- Ձեր քաղաքապետ եղած ժամանակ մոտեցել եմ, Վահեին հանձնարարեցիք, մինչև այսօր ոչինչ չի արվել:
 
Եվ ահա Կարեն Կարապետյանի պատասխանը (դեռ ոչինչ, որ նա քաղաքացոու հետ խոսում էր «դու»-ով).
 
- Կարող ա պետք չի անել:
 
Քաղաքացի - Ո՞նց պետք չի:
 
Վարչապետ - Հենց տենց:
 
Քաղաքացի -Ինձ կառավարությունից սեփականաշնորհել են բնակարան, որ փողոցներո՞ւմ լինեմ, որ խլե՞ն ձեռքիցս:
 
Վարչապետ - Նամակդ ներկայացրու պարոն Մինասյանին, կարողա չեն խլել, դա քո պատկերն է (հավանաբար նկատի ուներ՝ պատկերացումը-խմբ.):
 
Քաղաքացի - Ներկայացրել եմ, ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ ա զբաղված, խոշտանգումներ ա անում:
 
Այս երկխոսությունից հետո Կարեն Կարապետյանը շրջվեց և շարունակեց շրջայցը: 
 
Կառավարության ղեկավարի այս խոսելաոճին չէինք անդրադառնա, եթե նա մշտապես չխոսեր քաղաքացու կյանքը բարելավելու մասին, իսկ ժողովուրդն էլ լուրջ ակնկալիքներ չունենար նրանից: Մինչդեռ մարդկանց կյանքը բարելավելու համար ի մոտո պետք է ճանաչել նրանց խնդիրները: Այլ խոսքով՝ խնդիրները փողոցից կառավարություն բերել ու դրանց ընթացք տալ է հարկավոր, և ոչ թե բավարարվել կուշտուկուռ ենթականերին ընդհանրացված հանձնարարություներ տալով: 
 
Այսօրվա երկխոսության ակամա ներկաները կիսաշշուկ մեկ եզրահանգում արեցին՝ վարչապետն իր նշանակման սկզբում կարծես թե տրամադրված էր համակարգը փոխել, մարդկանց ու տնտեսության խնդիրները լուծել, հիմա հարմարվել է համակարգին ու փորձում է խաղալ նրա խաղի կանոններով՝ շրջել էքսպոներով, քաղցր-մեղցր խոսքեր ասել ու մեկ-մեկ էլ գովազդի համար դիտողություն անել ենթականերին:
 
Կարեն Կարապետյանի այսպիսի պատասխանի պատճառը կարող է նաև այն լինել, որ քաղաքացին համարձակվեց նրան հիշեցնել քաղաքապետ աշխատած նրա  կարճ ժամանակահատվածը: Բոլորը  լավ հիշում են նրա  ակնակնկալ հրաժարականն ու առանց որևէ բացատրության  հեռանալը Հայաստանից: Գուցե դա՞ դուր չեկավ գործադիր մարմնի պատասխանատուին: Բայց չէ՞ որ շատ մեծ գիտելիքներ պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ քաղաքացին եթե դիմում է կառավարության ղեկավարին, ուրեմն մյուս պատկան կառույցների դռներն ամուր գոցվել են նրա առջև, ու վերջինիս վերջին հույսը իր ցավը բարձրաստիճան պաշտոնյային պատմելն է: 
 
Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Երկրիս մյուս պաշտոնյաներն էլ իրենց բարեկրթությամբ չեն փայլում: Եվ ամենավատն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարի այսօրինակ պահվածքն է՛լ ավելի է գոտևորելու նրա ենթականերին, մանր-մունր պաշտոնյաներին՝ պաշտոնի բարձունքներից արհամարհելու, մերժելու իրենց իսկ սնող շարքային հարկատուներին: