Սպառողն արդեն գոտի էլ չունի, որ նորից ձգի

ՄԻՆՉԵՎ ՑԱՄԱՔ ԱՌՈՒՆ ՋՈՒՐ ԳԱ...

 
Երբ լսում ես մեր պաշտոնյաներին՝ սկսում ես կասկածել ո՛չ միայն բանականությանդ, այլև աչքիդ տեսածին: 
 
Ահավասիկ, գյուղոլորտի թիվ 1 պատասխանաուին լսելով՝ դժվարանում ես չհավատալ, որ իր ու իր ենթակաների բոլոր ջանքերն ուղղված են գյուղացու հոգսը թեթևացնելուն, և հողագործին մնում է միայն քրտինք թափել՝ հողից առավելագույնը քաղելու: Բայց նույն գյուղացու վիճակն այլ բան է փաստում:
 
Չէ՜, չափազանցնելու մեջ չենք մեղադրում նախարարին, նույնիսկ հավատում ենք, որ նա ու իր թիմը փորձում են անել հնարավորինը: Փորձո՛ւմ են, բայց նաև այդ ոլորտը սեփականաշնորհած՝ բազմապրոֆիլ օլիգարխների մենիշխանության ուղեփակոցներից ներս ուրիշ մեկը կարո՞ղ է սպրդել: 
 
Ինչ վերաբերում է գյուղացու ծով-քրտինք թափելուն՝ դա էլ չի օգնում. իր քրտինքով նա մի թիզ հող էլ չի կարող ոռոգել:
 
Բայց երբ Իգնատի Առաքելյանն ասում է, թե մսի գնի թանկացման համար խուճապն արդարացված չէ, ակամա հիշում ես ժողովրդական ասույթը՝ «Կուշտը սովածին մանր է բրդում»: 
 
- Դեմ եմ, որ ստեղծեն պանիկա, թե՝ վա'յ, միսը թանկացավ, ինչ ենք անելու: Ոչ մի բան էլ չենք անելու: Թանկացումը կբերի ներդրումներ, կկարգավորի ամեն ինչ,- «սովածին մանր բրդելով»՝ մեծ-մեծ խոստանում է նախարարը:
 
Չգիտենք՝ նա ինքը հավատո՞ւմ է իր խոսքին, բայց գիտենք, որ ոչ մեկը դրան չի հավատում: Ոչ ոք չի՛ հավատում ոչ թե Ի. Առաքելյանի անձին, այլ պաշտոնյաների խոսքին. մարդկանց խաբվելու տառապանքն արդեն մե՜ծ փորձ ունի: Մինչև թանկացումները ներդրումներ բերեն (եթե՜ բերեն), մինչև այդ ներդրումներն էլ աշխատեղեր ստեղծեն... մինչև ցամաք առուն ջուր գա...
 
Իսկ ահա ավելի հավատընծա են «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի փաստարկները՝ երաշտն ու դրա հետևանքները փոքրիշատե մեղմելու վերաբերյալ:
 
- Դեռ հունիս ամսին հայտարարում էինք երաշտի մասին: Գյուղնախարարությունը մոռացել է՝ ինչ բան է երաշտը. եթե 21 օր երաշտ է, պիտի հայտարարեին սակավաջրության տարի,- հիշեցնում է նա՝ հավելելով՝  
 
- Անասնակեր պիտի բերեին, որ գլխաքանակի անկում չունենայինք։ Նախարարը հանձնարարել էր կարտոֆիլի սերմացու բերել, գնացին գարի բերեցին, Էդ սերմացուի հանդեպ հատուկ համակրանք ունենք, գարին կուտակվել է՝ չգիտեն ինչ անեն:
 
Հր. Բերբերյանը նաև այլ նշանակետի է դիպուկ հարվածում՝ գյուղաշխատանքների ամենաեռուն օրերին ոռոգման ջրի խիստ սակավությունը, իսկ առանձին մարզերում դրա գրեթե իսպառ բացակայությունը դամոկլյան սուր է՝ կախված թե՛ հողի մշակի ու սպառողի գլխին, այլև բերքն ու բերքատվությունը կորցնող հողերի համար:
 
Արձանագրելով, որ ջրի ոռոգման նորմատիվները գյուղացուն պարզ չեն, Հր. Բերբերյանը մանրամասնում է՝ 
 
- Գյուղացուն ջուրը կրկնակի նորմատիվով են վաճառում։ Ջրառը հայտարարեց, որ մի գրամ ջրի կարիք չի լինի հավելյալ, Շիրակի մարզում գյուղացիները ջրի համար իրար ծեծում էին։ Չեք կարողանում անեք, դիմեք մեզ՝ գրենք նորմատիվները, տանք։ Մասնագետներ չկան։ Երկիրը ունի՞ տնտեսություն, որ հարկայինը նորմատիվներ իմանա, որ հասկանա ինչ գումար է հավաքում։
 
Արդեն մեծ վերելք արձանագրած գնաճը, հարկե՛ շարունակվելու է: Մեր հոռետեսությունը դա չի ասում. Մասնագետի հաշվարկներն են փաստում. 
 
- Կաթնամթերքն արդեն թանկացել է. պանիրը` 200 դրամով, մածունը, թթվասերն են թանկացել 20-30 դրամով։ Եվ դեռ էլի է թանկանալու, որովհետև կաթի արտադրությունն է նվազում...