Կեղծ վկայականը՝ «նիխտ», բայց մարդասիրությունը կոպիտ խախտում է
«ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԸ» ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ

Առանց խնամի-ծանոթ-բարեկամի՝ հազիվ թե Հայաստանում կարողանաս որևէ կառույցի ղեկավար նշանակվել: Ժողովրդական խոսք կա՝ տերովին տերն է տարել…
Երևանի թիվ 157 մանկապարտեզի տնօրեն Զարա Ադիյանն էլ բացառություն չէր կարող լինել, բայց երկար ժամանակ նախադպրոցական հիմնարկը ղեկավարելուց հետո ազատվել է աշխատանքից: Վերջերս քաղաքապետարանը պարզաբանել էր Զարա Ադիյանին աշխատանքից ազատելու պատճառը:
Պարզվում է՝ միայնակ մի մայրիկի ընդառաջելով՝ Զ. Ադիյանը նրա երեխային ընդունել է մանկապարտեզ, բայց առանց փաստաթղթային ձևակերպման: Ծնողը չի հասցրել 3-10 օրվա ընթացքում Երևանի փաստացի գրանցում ներկայացնել տնօրենին: Այդ մասին ինչ-որ «չարակամ» տեղեկացրել է քաղաքապետարանի թեժ գծին, քաղաքապետարանն էլ, տեղի ունեցածը համարելով կոպտագույն խախտում, Զարա Ադիյանին ազատել է աշխատանքից: Դա վրդովեցրել էր մանկապարտեզի սաների ծնողներին, ովքեր իրենց բողոքը բարձրաձայնել էին մամուլով:
Թերացումը թերացում է, և վերադասը պարտավոր էր ինչ-որ կերպ պատժել օրինախախտ տնօրինուհուն: Մանավանդ՝ պնդել չենք կարող, որ նրա այս ընդառաջումը զուտ մարդասիրական մղումներով է եղել (հակառակն էլ պնդել չենք կարող, և այս պարագայում դա չէ էականը): Բայց օրինապաշտ քաղաքապետին կարելի է հարցնել՝ արդյո՞ք քաղաքացուն սատարելը այնքա՛ն կոպիտ խախտում է, որ մանկապարտեզի տնօրենին նկատողություն տալու փոխարեն միանգամից աշխատանքից ազատման հրաման են ստորագրում: Իսկ քաղաքապետարանը փորձե՞լ է պարզել, թե այլ մանկապարտեզներում քանի նման կոպտագույն խախտումներ կան: Եվ եթե օրենքն առաջնային է Տարոն Մարգարյանի համար, դիտորդի կեղծ վկայականով Աննա Ստեփանյանին ինչո՞ւ է նշանակել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ:
Վկայակոչելով մամուլում շրջանառվող լուրերը՝ Զարա Ադիյանի պաշտոնանկությունը կապված է ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի և Տարոն Մարգարյանի «փոխհրաձգությամբ»:
Փաստորեն նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները, օգտագործելով իրենց առաջ մղող կուսակցության հեղինակությունը, պայքարում են միմյանց դեմ ու մեծացնում իրենց ազդեցության գոտիները: Իսկ այդ ամենը սկսվեց այս տարվա խորհրդարանի և ավագանու ընտրություններից: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ով Միհրան Պողոսյանի մտերիմն է, օրերս պաշտոնանկ արվեց քաղաքապետի կողմից: Պատճառն ընտրություններում Միհրան Պողոսյանի համար աշխատելն էր, և Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի օգտին մատը մատին չխփելը:
Ընթերցողին հիշեցնենք, որ ԴԱՀԿ-ի նախկին պետը ԴԱՀԿ-ի ղեկավարի աթոռին հրաժեշտ էր տվել պանամական օֆշորների սկանդալում ներգրավված լինելու պատճառով: Թվում էր, թե կթուլանա նրա ազդեցությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Բայց այսօրվա նշանակումը վերստին փաստեց, որ Միհրան Պողոսյանը դեռ պահպանում է իր դիրքերը: Հենց նրա մեկ այլ մտերիմ ընկերը՝ ՀՀԿ-ի նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը նշանակվեց վարչական շրջանի ղեկավար և այսօր ներկայացվեց թաղապետարանի աշխատակիցներին: Ուշագրավ է նաև այն, որ մինչ Ստեփանյանի նշանակումը, ակտիվորեն խոսակցություններ էին շրջանառվում, որ Տարոն Մարգարյանը այդ համայնքի ղեկավարի աթոռն ազատում է՝ իր մերձավորի համար:
Բայց եղավ այն, ինչ եղավ՝ շատերի աչքում ստվերելով Տարոն Մարգարյանի հեղինակությունը նաև իրեն թիկունք դարձած իշխանական թիմում: Ինչպե՞ս չգնահատես Հանրապետության նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի անկեղծությունը, երբ ավագանու ընտրություններից հետո Տարոն Մարգարյանին ակնարկում էր՝ դեռ մեր թիմում ես հորդ պայծառ հիշատակի համար: