Շռայլությունների շքերթ՝ Շիրակի համալսարանում

ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՏՎՈՒՄ

Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է՝ ռեկտոր Սահակ Մինասյանը հետևողականորեն փոշիացնում է համալսարանի ֆոնդի գումարները: Այս մասին  լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեցին դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը: 
 
Դասախոսները բաց նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին՝ պահանջելով ուսումնասիրություն սկսել համալսարանում:
 
Դասախոսները մանրամասնում են խախտումները:  
 
Համալսարանն ունի երեք վարորդ՝ նախկին մեկի փոխարեն: 60-ն անց քարտուղարուհին 250.000 դրամ է ստանում թեյ ու սուրճ մատուցելու համար՝ անգամ համակարգչից օգտվել չիմանալով: Բուժքույրը մոտավորապես 200.000 դրամ աշխատավարձ է ստանում: Ռեկտորի խորհրդականն ու վարչական կազմի մյուս աշխատողները՝ նույնպես:
 
Իսկ ամենաբարձր աշխատավարձը, բնականաբար, ռեկտոր Սահակ Մինասյանն է ստանում՝ 700.000 դրամ: Իսկ ահա դասախոսները՝ ընդամենը 50-60 հազար դրամ, որն առաջիկայում դարձյալ կրճատվելու է: 
 
Սա էլ բավական չէ՝ Սահակ Մինասյանը որոշել է գրադարանի մի մասը որպես աղբակույտ դուրս թափել, որպեսզի տեղը գրախանութ բացի: Մինչդեռ, ինչպես հայտարարեց Գագիկ Համբարյանը, այդ գրքերի մի մասը հիմա իր տանն է և որպես ձեռնարկ ինքն օգտագործում է: 
 
Հաջորդ տարին համալսարանների համար բավական ծանր է լինելու՝ ուսանողների սակավության պատճառով, հետևաբար  ռեկտորները գումարներ են խնայում: Մինչդեռ Սահակ Մինասյանը որոշել է 118 մլն դրամ հատկացնել համալսարանի դահլիճը վերանորոգելու. իսկ 25 մլն դրամ էլ դուրս է գրել բուֆետի համար: 
 
Եվ սա դեռ ամենը չէ: Դասախոսների վստահեցմամբ՝ խախտվել է համալսարանի ուսանողների կրթության իրավունքը: Ստացիոնար ու հեռակա ուսուցումները Սահակ Մինասյանը միացրել է իրար, որպեսզի դասախոսները հեռակա ուսուցման համար առանձին չվարձատրվեն:  
 
Խնդրի մասին կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ են: Սակայն զարմանալին այն է, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, այցելելով Շիրակի պետական համալսարան, ասել է, թե դասախոսների բողոքը միջանձնային խնդիր է:
Իսկ ուսանողներին, ովքեր ևս ընդվզում են այս ամենի դեմ, ընդամենը հորդորել է դիմել դատարան:   
 
Պատահակա՞ն է արդյոք այս հայտարարությունը, եթե  հիշեցնենք, որ ռեկտոր Սահակ Մինասյանը բազմիցս հպարտացել է Բաղրամյան 26-ում իր հովանավորյալներով, որոնց շնորհիվ ինչ կուզի կանի: Չնայած այս ամենին՝ ասուլիսի մասնակից դասախոսները հույս ունեն, որ իրենց բողոքին ընթացք կտրվի և իրենք ստիպված չեն լինի դիմել դատարան: 
Բոլոր մեղադրանքներին Սահակ Մինասյանը արձագանքել է մեկ նախադասությամբ՝ այդ ամենը հերյուրանք է: 
 
Ի դեպ, դասախոսները դիմել են նաև ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանին, ում նախընտրական շտաբի պետը եղել է Սահակ Մինասյանը: Նրանք հուսով են, որ հենց Արման Սահակյանն էլ Սահակ Մինասյանին բարեկամաբար կհորդորի հեռանալ համալսարանից: