«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք...»

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Ներքին զգացողությունը երբեք չի խաբում, մանավանդ՝ երբ հավաքական է այդ զգացողությունը և հիմնված է տեսածի, զգացածի վրա: Արդ, ինչը բնավ անսպասելի չէ, Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը՝ նույնիսկ փոքր-ինչ գերազանցելով ԵԱՏՄ համակիրներին:
 
ՀՀ բոլոր մարզերում և Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից ընթացիկ տարվա մայիսին «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» սոցիոլոգիական ուսումնասիրություններն իրականացվել են 18 տարեկանից բարձր անձանց շրջանում:
 
Ստացված տվյալները համեմատելով նախորդ 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ՝ ակնհայտվել է, որ հայաստանաբնակների 33 տոկոսի կարծիքով մեր երկիրը պետք է անդամակցի Եվոպական միությանը: 32%-ը ԵԱՏՄ կողմնակից է, 10%-ն այդ երկու կառույցներին էլ դեմ է, իսկ 12%-ը՝ երկուսին էլ կողմ:
 
«Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված ասուլիսում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Սագսյանը փաստել են, որ 2016-ի համեմատ՝ 2017-ին նվազել է ԵՄ կողմնակիցների թիվը՝ 41 տոկոսից դառնալով 33, ԵԱՏՄ կողմնակիցների թիվը 25 տոկոսից աճել է՝ դառնալով 32:
 
- Եթե դիտարկում ենք բարեկամ և թշնամի պետությունների նկատմամբ ընկալումները, ապա դրական տրամադրվածությունը հիմնականում ԵՄ անդամ երկրների, քան ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ է,- նկատեց Արթուր Սաքունցը։
 
Հարցման տվյալներով՝ գրեթե բոլոր մարզերում ԵՄ կողմնակիցների թիվն աճում է: Ամենից շատ Եվրամիության անդամակցությանը կողմ են Երևանում, ապա՝ Տավուշում, Շիրակում: Իսկ ԵԱՏՄ կողմնակիցների մեծամասնությունը Լոռու մարզում, այնուհետեև Վայոց ձորի մարզում, որտեղ նախորդ տարիների համեմատ ԵԱՏՄ կողմնակիցների թիվն աճել է:
 
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ԵՄ-ի կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկաններն են, մեծամասնությունը՝ իգական սեռի, բնակվում են հիմնականում մարզերի քաղաքային բնակավայրերում և նրանց ամսական եկամուտը գերազանցում է 150 հազար դրամի շեմը: Իսկ Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները 45 տարեկանից բարձր մարդիկ են, հիմնականում՝ արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր բնակվում են գյուղերում և նրանց ամսական եկամուտը հասնում է մինչև 150 հազար դրամի:
 
Հանրային կարծիք ձևավորում են նաև լրատվամիջոցները, և այս հարցումը ԶԼՄ-ների մասին ևս հուշումներ է պարունակում:  Ինչպես նշեց Ռուբեն Սագսյանը՝
 
- Հեռուստատեսություն նայողների 28 տոկոսը Եվրամիության կողմնակից է, 35.2 տոկոսը՝ ԵԱՏՄ, ռադիոյի պարագայում հավասարաչափ է բաշխված՝ 23-ական տոկոս: Նրանք, ովքեր տպագիր մամուլ են կարդում, նրանց 50 տոկոսը Եվրամիության կողմնակից է, իսկ ԵԱՏՄ կողմնակիցներ տպագիր մամուլի ընթերցողների շարքում չկան: Ինտերնետային մամուլի ընթերցողի 37.5 տոկոսը ԵՄ կողմնակից է, 22.8 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի: