Չորսն՝ ընդդեմ ոստիկանների

ՔՐԳՈՐԾԵՐ՝ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ և ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՎ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքերի առթիվ: 
 
Ընդգծենք՝ քրգործերը հարուցվել են ըստ հաղորդումների, և հարուցված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Իսկ մինչ նախաքննության ավարտը՝ ՀՔԾ-ն արձանագրում է.
 
Արարատ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 04.09.2017թ.-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ համոզել են խոստովանել գողության դեպքը, որի հետ ինքը առնչություն չի ունեցել: Այնուհետև բաժնի մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Ավելին, ըստ Ա. Հ.-ի, բաժնի պաշտոնատար անձն իրեն հորդորել է չբողոքել ոստիկանների դեմ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:
 
Մեկ այլ ՀՀ քաղաքացի՝ 26.08.2017թ.-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից Ա. Ա.-ն հաղորդում է տվել, որ նշված օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության ՊՊԾ գնդի մի քանի ծառայողներ առանց պարզաբանման իր ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացրել, ստիպողաբար նստեցրել պարեկային ավտոմեքենան և բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ա. Ա.-ն հայտնել է նաև, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկանները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: 
 
Եվս մեկ քրեական գործ է հարուցվել ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քաղաքացիներ Մ. Հ.-ի և Ս. Կ.-ի հաղորդումների հիման վրա:
 
Մ. Հ.-ն հաղորդում է տվել, որ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժնում իրեն սպառնալիքներ են տվել և զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, որի հետևանքով հիշյալ բաժնի մի խումբ ոստիկանների պահանջով սուտ ցուցմունք է տվել դանակահարության դեպքի մասնակիցների վերաբերյալ: Նույն դեպքի առնչությամբ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժին հրավիրված Ս. Կ.-ն, իր հերթին, հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողն այնտեղ հարվածել է իրեն` պահանջելով կեղծ ցուցմունք տալ դանակարության դեպքի մասին: