Եթե հնարավոր էր մեկ օրում...
Ժամեր առաջ տարածված լուրն ուրախացնող էր՝ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր դադարեցվել է երեկվանից սկսված անժամկետ դասադուլը:
Ուրախացնող էր պատկան մարմինների արագ արձագանքը, սակայն դա նաև տարակուսանք է ծնում. եթե մեկ օրում հնարավոր էր հիմնախնդրի լուծման տարբերակներ գտնել ուրեմն ինչո՞ւ էին այդ մարդկանց ծայրահեղ քայլի մղում: Մանավանդ՝ մայիս ամսին նրանք ահազանգել էին: Մի՞թե հնարավոր չէր ամառային արձակուրդների օրերին կատարել անհրաժեշտ աշխատանքները: Հիմա արդեն պատասխանատուներն իրենք էլ համոզվեցին, որ հնարավոր էր: Ակամա մտածում ես, որ որոշ պաշտոնյաների կա՛մ դուր է գալիս մարդկանց չարչարելը, կա՛մ առանց աղմուկ բարձրացնելու՝ խնդրի էությունը չեն ընկալում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ՝ Արագածոտնի մարզպետարանում վերջապես լսելի էր դարձել ընդվզումի ձայնը: Այդուհետ բավարարվել են Կառավարությանը ներկայացված պահանջները, և այսօր վերսկսվել են դասերը՝ պայմանով, որ հենց այսօր տեսանելի կդառնան տեղական իշխանությունների խոստացած քայլերը: Իսկ խոստումն այն է, որ այսօր մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ մասնագետները որոշելու են դպրոցի 2-րդ մասնաշենքի շենքի սեյսմակայունությունը։ Եթե շենքը սեյսմակայուն չճանաչվի՝ այն կամրացվի, ծածկը կփոխվի, և ամենաուշը 7 ամսից ցածր դասարանցիները կտեղափոխվեն այդ մասնաշենք: Իսկ եթե պարզվի, որ ամրացման աշխատանքներ պետք չեն՝ կրտսեր դասարաննցիները կտեղափոխվեն առաջիկա հինգ օրերին:
Մինչ այդ ամենը՝ տարրական դասարանները 5-10 օրվա ընթացքում կտեղափոխվեն ավագ դպրոցի տարածք, և դասասենյակները կվերանորոգվեն: Այսօր դպրոցում պետք է սկսվեն նաև սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ: