Գյուղացիները գործիք են՝ ապօրինի ծառահատողների ձեռքին

ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԻՋԵԼ Է

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց  մեկ տարվա իրենց աշխատանքը:
 
Լրագրողներին հետաքրքրում էր ապօրինի ծառահատումների արգելանքը, ինչը ոչ բոլոր դեպքերում է արդարացված:
 
Մի քանի գյուղերում գյուղացիները դժգոհել էին, որ նախարարությունը թույլ չի տալիս կտրել ծառերը, մինչդեռ գյուղացիների համար ծառահատումները ապրուստի միջոց են ու ձմռան վառելափայտ: Նախարարի խոսքով, սակայն, այդ բողոքներն այնքան էլ շիտակ չեն, որովհետև դրանք կազմակերպում են անօրինական անտառահատման բիզնեսով հարստացողները, ովքեր սեփական շահերն առաջ մղելու նպատակով գյուղացիներին են փողոց հանում:
 
Հարցի լուծումը նախարարը համարում է սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը և դրսից վառելափայտ բերողներին հարկային արտոնություններ տալը: 
 
Նախարարն ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում էր Սևանա լճից ջրառին: Գործադիր մարմնի անդամն ասաց, որ ջրառը եղել է այս տարվա սեպտեմբերի 15-ին, իսկ հիմա դադարեցվել է: Սևանի մակարդակն այժմ 3 սմ-ով ցածր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հիմնական պատճառը, ըստ բնապահպանական գերատեսչության ղեկավարի՝ եղանակն է:
 
Խոսրովի անտառի հրդեհին ևս անդրադարձավ Արծվիկ Մինասյանը: Այդ առնչությամբ կասկածներ էին հնչել՝ ոմանք հրդեհը դիտավորություն էին համարում: Պաշտոնյան նախ բացառեց նախարարության ենթակայության տակ գտվող տարածքներում հանքարդյունաբերողների կողմից հրդեհ կազմակերպելը: Ապա լրագրողներին ներկայացրեց արբանյակներից արված լուսանկարները, որոնցից երևում է, որ հրդեհը բնական ճանապարհով չէր կարող առաջանալ: Դա կամ տեխնածին է, կամ մարդածին: Իսկ թե ինչի՛ց է ի վերջո, ինչի՛ց է այն բռնկվել՝ կպարզեն իրավապահները:
 
Ի դեպ, Խոսրովի անտառում երկրաբանները հայտնաբերել են կայծքարերի նման նյութեր, որոնք կլանում են ջերմությունն ու կեսօրից հետո պայթում, բոցեր արձակում: Չի բացառվում, որ հենց դրանք էլ հրդեհի տարածման պատճառ լինեին: