«Կա՜ ոչ, կա՛ ոչ, ա՛յ ոչուփուչ, որտեղի՞ց տամ»

ԿՈՐԶԵԼ ՎԵՐՋԻՆ ԳՐՈՇԸ

Որ մեր հայրենակիցները խուսափում են բժշկի դիմել՝ քանի դեռ հիվանդության «դանակը ոսկորին չի հասել»՝ գիտեն նաև օտար պետությունների բուժհիմնարկները: Դրա պատճառն էլ գիտեն՝ հայաստանաբնակը վճարունակ չէ՛: Անվճար գործող պոլիկլինիկաներն ու շտապօգնության ծառայությունը միակ մատչելի բուժօգնությունն են մնացել: Բայց արի ու տես, որ դրանցից մեկի ճանապարհն էլ են ուզում փակել:
 
Չե՞ն պատկերացնում, որ վճարովի դարձնելով «շտապօգնությունը»՝ ընդամենը զարկ են տալու մահացության տոկոսի աճին: Ախր ժողովուրդը ոչ թե խուսափում է վճարել, այլ վճարունակ չէ. Մեծ Լոռեցու խոսքերով՝ «Կա ո՛չ, կա՛ ոչ, ա՛յ ոչուփուչ, որտեղի՞ց տամ»:
 
Տպավորությունն այն է, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամեն գնով մարդկանց գրպանները դատարկելու նոր ելքեր է փնտրում: Եվ ինչո՞ւ միայն նա: Կառավարության ղեկավարը ևս այդ տրամաբանությամբ է հանձնարարություններ տալիս: Որպես բիզնեսմեն՝  իր շուրջը  հավաքել է գործարար դաշտում կայացածներին ու նրանց առջև նպատակ դրել՝ փոփոխություններ անել ու բարելավել մարդկանց կյանքը: Բայց, արի ու տես, որ  մինչ օրս հակառակն է արվում: 
 
Առողջապահության նախարարի առաջարկներից մեկը վերաբերում է 3-րդ կարգի հաշմանդամներին  բժշկական անվճար ծառայությունից զրկելուն, քանի որ նրանք աշխատունակ են: Առաջարկը դեռ քննարկվում է, բայց արդեն օրինական դժգոհություններ են հնչում: Հայաստանում աշխատունակությունը աշխատանքով ապահովված լինելու երաշխիք չէ. առողջ մարդն է դժվարությամբ աշխատանք գտնում, էլ ո՞ւր մնաց հաշմանդամության կարգ ունեցողները:
 
Նախարարի մյուս առաջարկը շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելն է: Որպես արդարացում՝ գործադիր մարմնի անդամն Իսրայելի օրինակն է բերում, որտեղ շտապօգնության ծառայությունը վճարովի է: 
 
- Իսրայելի պես երկրում կանչերից միան 10-15 տոկոսն է, որ անվճար է. այն կանչերը, որոնք հնարավոր է դասել անհետաձգելի և շտապ բուժօգնության կարիք ունեցողների շարքը: Այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելու, սրսկում կատարելու, զրուցելու, ջերմություն իջեցնելու անհրաժեշտությունը՝ այն կանչերը, որոնք ի սկզբանե պետք է կատարվեին առաջնային օղակի կողմից՝ ոչ շտապ կերպով, վճարովի են: Եթե հաճախորդը ցանկանում է այդ օգնությունը ստանալ շտապբուժօգնության բրիգադայի կողմից, նա պետք է վճարի,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նախարարը:  
 
Գործադիր մարմնի անդամին մենք էլ մի քանի այլ երկրներ հիշեցնենք, որտեղ որտեղ առողջապահության ծախսերը մեծ մասամբ հոգում է պետությունը: Օրինակ, Շվեդիայի կառավարությունը ֆինանսավորում է բժշկական ծախսերի 97 տոկոսը: Մինչև 19 տարեկաններին ատամնաբուժական ծառայությունը տրամադրվում է անվճար: Նույն վիճակն է Նորվեգիայում՝ պետությունը ֆինանսավորում է առողջապահության ծախսերի 95 տոկոսը, 5 տոկոսը՝ քաղաքացին: Հարավային Կորեայի յուրաքանչյուր քաղաքացի օրենքով պարտավոր է տարեկան մեկ անգամ անվճար հետազոտվել: Ծախսերը փակում է պետական գանձարանը: 
 
Ու հենց իր խոսքով հակադարձենք՝ «Իսրայելի պես երկրի» հետ համեմատվելու իրավունք մենք ունե՞նք: Իսկ եթե այդ սրսկման, վտանգավոր չաով բարձրացած ջերմությունն անհահապաղ իջեցնելու անհրաժեշտությունը ոչ աշխատանքային ժամերին է ծագո՞ւմ: Ինչ վերաբերում է զրուցելու համար շտապօգնություն հրավիրողներին, ապա նրանց պարզապես պետք է տուգանել և վճարովի զրուցընկերների ծառայություն բացել. այն էլ՝ ո՛չ առողջապահության համակարգում: 
 
Նախարարի այս առաջարկը, բնականաբար, ծափերով չի ընդունվել և ոչ միայն անվճարունակ վատառողջների կողմից: Անգամ ծառայությունը լուծարելու հայտարարություն է հնչեցվել առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի կողմից: Նա առաջարկում է ծառայությունը ոչ թե վճարովի դարձնել, այլ լուծարել: Իսկ հիվանդին արագ բուժօգնության ծառայությունը դարձնել ընտանեկան բժիշկների պարտականությունը: 
 
Բայց այստեղ էլ հարցեր են առաջանում: Ընտանեկան բժշկության զարգացման համար ևս լուրջ ֆինանսավորում է անհրաժեշտ՝ բժիշկների քանակն ավելացնելու, նրանց աշխատավարձերը բարձրացնելու համար, որի հնարավորությունը ևս պետբյուջեն չունի: Ընտանեկան բժիշկներից 1-2-ն «Ավանգարդի» հետ զրույցում ասացին, որ առողջապահության նախկին նախարարի առաջարկն  անընդունելի է: 
 
- Էդ մենք ի՞նչ ենք ստանում, որ գիշեր-ցերեկ հիվանդի կողքին լինենք,- դժգոհեցին նրանք:
 
Ինչ վերաբերում է շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելուն, ապա ծառայության որակը դրանից հազիվ թե բարձրանա:
 
Հավանաբար, Լևոն Ալթունյանը երկու կարևոր պայման հաշվի չի առել այս բարեփոխումները ներկայացնելիս՝ աշխատավարձի չափ, տնտեսության զարգացում: Իսկ շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելը գուցե պայմանավորված է շտապօգնության աշխատակիցների գրպանը «մաղարիչ» դնելու մեր քաղաքացիների ավանդույթով: Առողջապահության ոլորտի պատասխանատուն երևի ցանկանում է այդ  գումարներն էլ պարտադիր դարձնել՝ մոռանալով, որ  բոլորն ի վիճակի  չեն անգամ խորհրդանշական այդ գումարը, որպես շնորհակալություն, շտապօգնության բժշկին տալ: 
 
Թե այս ամենի վերջնարդյունքում հերթական անգամ ֆինանսական ի՞նչ նոր բեռ կդրվի անվճարունակ քաղաքացու նվաղած ուսերին՝ դեռ ոչ մեկը չի հաշվարկել:
 
Սակայն կառավարությունը պարտավո՛ր է հաշվարկել աշխատազուրկ իր քաղաքացիների գրպանի պարունակությունը: Պարտավոր է հաշվարկել՝ սեփական մեղքի գիտակցումով, որովհետև մարդկանց աշխատանքով ապահովելը հենց գործադիրի պարտականությունն է: Իրեն հարգող տանտերը նախ հոգում է իր ընտանիքի անդամների բարեկեցությունը և մտահոգվում նրանց գրպանների պարունակությամբ, այլ ոչ թե դատարկ գրպանների անկյուններում մնացած վերջին գրոշն էլ կորզելով: