Հայցը բավարարվել է մասնակի

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Ինչպես արդեն տեղեկացվել էր՝ այսօր՝ 2017 թ. սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ Վարչական դատարանում պետք է հրապարակվեր Շահեն Հարությունյանի գործով դատարանի որոշումը:
 
Ու ժամեր առաջ հայտնի դարձավ, որ դատարանը մասնակի բավարարեց Շահեն Հարությունյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցը՝ արձանագրելով միայն մեկ իրավախախտում, և Շ. Հարությունյանին տուգանեց 150.000 ՀՀ դրամով:
 
Հիշեցնենք՝  Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրան 180.1 հոդվածի 1-ին մասով (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար):
 
Դատարանը Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու նպատակով հավաքը համարել է շտապ, քանի որ հնարավոր չէր օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել դրա վերաբերյալ և միայն թույլտվություն ստանալուց հետո կազմակերպել այն:
 
Դատարանի կարծիքով՝ անհրաժեշտ է եղել ձեռնարկել անհապաղ միջոցներ, ուստի սա համարվել է այն բացառիկ դեպքերից, երբ օրենսդիրը գրավոր իրազեկման պահանջ չի ներկայացնում։ Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին պատժելու և որոշ պաշտոնյաների հրաժարականի մասին պահանջներին, Դատարանը դրանք համարել է ոչ հրատապ և շարունակվող, ուստի՝ անհրաժեշտ է համարել դրա վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկումը՝ անկախ նրանից, թե քանի օր է տևել հավաքը, ինչ նպատակ է հետապնդել և ինչպես է իրականացվել: 
 
Դատարանի այս որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում: