Թերարժեքության բարդույթ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Պատմականորեն և աշխարհագրորեն այնպես է դասավորվել, որ Հայաստանը երեք կողմից սահմանակցում է իսլամադավան երկրների՝ Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, և միայն մեկ կողմից՝ քրիստոնեական Վրաստանին: Հարևանության այս անձեռակերտ կառուցվածքում ամենահաճախ շոշափվող հարցը հետևյալն է. ինչո՞ւ Իրանում մշտապես հարգալից վերաբերմունք է դրսևորվում մեր կրոնական մշակույթի, հավատի, եկեղեցու հանդեպ, իսկ Թուրքիայում և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանում հայկական եկեղեցիները կա՛մ ոչնչացվում են, կա՛մ վերածվում մզկիթի: Ինչպե՞ս հասկանալ իսլամ հարևաններից մեկի հանդուրժողականությունը և մյուսի այլատյացությունը:
 
Իրանի մասով հատկանշական է երկու կարևոր առանձնահատկություն. 
 
ա/ այդ երկիրն ունի հարուստ, անխառն մշակութային, քաղաքակրթական և կրոնական ժառանգություն,  
 
բ/ ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի՝ Իրանը չունի թերարժեքության բարդույթ իր անցյալի առնչությամբ:
 
Պետք է նկատի ունենալ, որ իրանական քաղաքակրթությունն Իսլամով չի սկսել և Իսլամով չի վերջանում:
 
Պատմության խորքից եկող Պարսկաստանը և Հայաստանը լավ ու վատ ժամանակներ են տեսել, վերելքներ ու վայրէջքներ ունեցել, բայց երբեք չեն հուսալքվել, կարողացել են պահպանել ոգու արիությունը և հասնել մինչև մեր օրերը՝ շարունակելով կողք-կողքի ապրել որպես լավ հարևաններ ու բարեկամներ:
 
Այլակրոն այդ երկրում քիչ է ասել հարգանքով են վերաբերվում հայկական հոգևոր ու պատմամշակութային ժառանգությանը: Մեր կրոնական արժեքներին՝ եկեղեցիներ, տաճարներ, խաչքարեր և այլն, Իրանում որևէ վտանգ չի սպառնում, քանի որ գտնվում են պետական հոգածության ներքո: Հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդները, որպես կանոն, ակնածանքով են ընդունում այլոց հարուստ, ինքնատիպ ճարտարապետական կերտվածքները՝ համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի անքակտելի մասն է: Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Այստեղ գործ ունենք դասական իմաստով թերարժեքության բարդույթի հետ, որի մասին կխոսվի մի փոքր ուշ:
 
Իսկ մինչ այդ՝ փորձ կարվի հակիրճ տալ արդի Թուրքիայի նկարագիրը: 
 
Այսօր այդ երկիրը մի խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում գոյություն ունեցած մշակույթներն ու քաղաքակրթություն ստեղծած բազմազգ ժողովուրդների ժառանգությունը: Այդ ազգը նաև կրոնափոխ եղած ժողովուրդների մեծ խառնարան է, որոնց հոգևոր արգասիքը թուրքերին հիշեցնում է իրենց ինքնության գաղտնի էջերը: Այսօրվա թուրքերն, ըստ էության, թուրք են դարձել բացարձակապես Իսլամի շնորհիվ և նրա միջոցով: Հանում ես Իսլամը, տակը բան չի մնում՝ տորիչելյան դատարկություն: Մյուս մշակույթները «պահարանում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան թաքնված, որպեսզի երբեք չհիշեցնեն իրենց անցյալի մասին:
 
Դա է պատճառը, որ Թուրքիայում ատում են «մեծ խառնարանի» ժողովուրդների հոգևոր-մշակութային ժառանգությունը, եկեղեցիները վերածում մզկիթների՝ որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարած հաղթանակի խորհրդանիշներ: Հաղթանակը՝ հաղթանակ, բայց թուրք ազգի համար ծանր է առերեսվել իր անցյալի հետ, ապաշխարել 110 տարի առաջ գործած ոճրագործությունների համար: Թուրքերը թերարժեքության բարդույթ ունեն ավելի քան մեկ դար իրենց հետապնդող անցյալի հանդեպ: Աթաթուրքը փորձել էր թուրքերին քաղաքացիական ազգ դարձնել, բայց գործընթացը բազում հարցեր էր առաջացրել, որոնց պատասխանների որոնումը կարող էր քայքայել թուրքերի ինքնությունը:
 
Թերարժեքության բարդույթով էր 30 տարի տառապում նաև Ադրբեջանի նախագահը, ինչը պարզ երևաց հետպատերազմյան շրջանում իր պահվածքից՝ «հորթի» հրճվանքից, ՀՀ-ին ուղղված սպառնալիքներից, չվերջացող պահանջներից մինչև նրա վախերը: Մի բան հստակ է՝ այսօրվա Հայաստանը, ինչպես էլ Փաշինյանն անվանի, թեկուզ՝ «Իրական», Էրդողանին և Ալիևին միշտ հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը, և ինչ էլ մենք անենք, շարունակելու են մեզ ատել: Որովհետև ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ, բայց չի ստացվում: