Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
 
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18 ամիս՝
սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից
 
Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:
 
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն: Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից: 
 
81 բնակելի տարածք ամրացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Հայաստանում բնակարանային մատչելիության խնդրի լուծման նպատակով
 
Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակելի տարածքները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի հետ համատեղ «Բնակարանային մատչելիության բարձրացում Հայաստանում. սոցիալական բնակարանաշինության զարգացման համապարփակ հայեցակարգ և գործողությունների ծրագիր» նախագծի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 25-ի ՆՄ//35945-2024 գրությամբ դիմել է պետական մարմինների ղեկավարներին Հայաստանում բնակարանային մատչելիության խնդրի լուծմանը աջակցելու առաջարկով:
 
Հաշվի առնելով Նախարարության առաջարկությունը, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված անձանց և բնակչության այլ խոցելի խմբերի բնակարանային կարիքների լուծման անհրաժեշտությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Նախարարության կողմից իրականացվել են բնակելի տարածքների գույքագրում, որի արդյունքներով առաջարկվում է Կոմիտեի հաշվեկշռից հետ վերցնել թվով 81 բնակելի տարածք և ամրացնել Նախարարությանը։
 
Որոշում է կայացվել մարզերում դպրոցականների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման վերաբերյալ
 
Կառավարությունը որոշում է կայացրել, որ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միջգերատեսչական մասնագիտացված խմբի միջոցով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերը, նախաորակավորված մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերն ու ապահովման տեսակները, կանխավճարի չափը և մարման կարգը, ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտով:
 
Տվյալ պահին հանրապետության տարածքում հաշվարկված թվով 101 կենտրոններին միավորման ենթակա են շուրջ 205 բնակավայրեր, որոնցից 187 բնակավայրերի աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6200: Ընդ որում, բնակավայրերից կենտրոն հեռավորության միջին ցուցանիշը 7 կմ է (նվազագույնը 1.5 կմ, իսկ առավելագույնը 24 կմ): Մինչև 2027 թվականի հունվար նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 81 կառուցվող դպրոցներ, ինչպես նաև վերանորոգվող դպրոցներ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով բնակավայրերից դեպի կենտրոնների դպրոցներ և հակառակ ուղղությամբ դպրոցականների տեղափոխման կենտրոնացված կարգով  կազմակերպումը, որոշվել է առաջին փուլով ձեռք բերել շուրջ 35 տրանսպորտային միջոցներ՝ հետագա փուլերով ձեռք բերելով և ամբողջացնելով անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը: Արդյունքում կապահովվի դպրոցականների անվտանգ և կենտրոնացված կարգով տեղափոխումը դպրոցներ, ինչը կբարձրացնի կրթության մատչելիությունը, հատկապես սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի երեխաների համար, կնպաստի նաև ժողովրդավարական և սոցիալական խնդիրների լուծմանը: