«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա և երբեք չի եղել Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից այս մասին երեկ հայտարարել է վարչապետ
Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
արած հայտարարություններին։
Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կիլոմետր տարբեր ենթակառուցվածքներից, TRIPP ուղին թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ նշանակություն և ազդեցություն է ունենալու։
Ի դեպ, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի, հոգատարության համատեքստում շատ կարևոր է խաղաղամետ, լեգիտիմ և համաձայնեցված խոսույթի կիրառումը նաև այս նախագծի մասին։
Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի Հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։
Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելն իմ նշած և կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում և խաղաղության մթնոլորտից և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։
Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։
Ճիշտն ասած չեմ հասկանում, ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե՞ խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։
Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու չի տարածում հարեւանների և որևէ մեկի նկատմամբ։
Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և այդօրինակ խոսույթները ձեռքբերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող և նեգատիվ ազդեցություն և ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ՝ ի հեճուկս ձեռքբերված և հռչակված պայմանավորվածությունների,- իր ելույթում ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։





