«Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելատորը երկարաժամկետ գործունեություն կիրականացնի Հայաստանում

Այսօր կայացած հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունն ընդունել է որոշում, որով  նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը:
 
Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, դեռևս 2023-2024 թթ. նախարարությունը հանձն էր առնել աշխարհի թոփ 5 լավագույն աքսելերացիոն ծրագրեր իրականացնող ընկերություններից մեկին հրավիրել Հայաստան: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug & Play Germany GmbH» կազմակերպությունը, որը Հայաստանում 2024-2025 թթ. իրականացրել է 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր՝ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:  
 
Կպարզեցվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային
աջակցության ծրագրի ընթացակարգերը
 
Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում։ Ըստ այդմ՝ ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։
 
Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցությանը և նշել. «Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց այս քննարկումները նաև առիթ դարձան, որ  այն որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց: Հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ: Հիմա աջակցության շահառուներն անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները: Այսինքն՝ հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունն անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»:
 
Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի
ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ
 
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյունքում՝  կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի համար սահմանվել է պարտադիր պահանջ՝ եթե մինչև հաջորդ ատեստավորումը վերջինս  գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, ապա արձակուրդից վերադառնալուց հետո անցնելով  առարկայական պարտադիր վերապատրաստում, պարտադիր մասնակցում է կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը: Հստակեցվել են նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցչի՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում նույն կամ այլ առարկայի դասավանդման պահանջները։ Առաջարկվող փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացի իրավակարգավորումը կդարձնեն ավելի հստակ, իսկ ստեղծվող այլ իրավահարաբերությունները՝ հնարավորինս իրավաչափ։ 
 
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին
սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
 
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: