Այսօր՝ Կառավարության նիստում

Այսօր կայացած ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել և փոփոխություններ ու լրացումներ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում:
 
Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։
 
Փոփոխություններով  կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև վերանայվում են ծրագրի այն պայմանները, որոնք խոչընդոտում են հավաստագրերի արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես՝ հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներին ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են աջակցության ծրագրի շահառու։
 
Ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ։ Սահմանվում է նաև՝ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ։
 
Որոշմամբ սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թ. մայիսի 16-ից հետո, ապա աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։ Սահմանվում է, որ եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում, աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն։
 
Կառավարությունը նաև ընդունել է որոշում՝
հանրապետության բնակավայրերում ինտեգրված ևկայուն
աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով
 
Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։
 
Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների  տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ  թափոնների վերամշակման արտադրությունների  աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և  ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ:
 
Համաձայն ռազմավարության դրույթների՝ նախատեսվում է իրականացնել հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման գոտիավորված տարածքների (Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական) տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ յուրաքանչյուր գոտում նախատեսվող  աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշմամբ, ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովմամբ և այնուհետև համապատասխան ներդրումային ծրագրերի իրականացում՝ յուրաքանչյուր գոտու համար ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների կառուցմամբ, գոյացող աղբի հավաքման ու տեղափոխման համար ինտեգրված լոգիստիկայի ապահովմամբ, հնարավոր վերամշակման ենթակառուցվածքների ստեղծմամբ։
 
Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության
ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը
 
Կառավարությունը հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների  հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։
 
Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է մատուցեն ինչպես սոցիալ-հոգեբանական, այնպես էլ իրավաբանական աջակցություն՝ առաջարկվում է, որ աջակցության կենտրոնի անձնակազմը առնվազն ներառի 1 հոգեբանի, 1 սոցիալական աշխատողի և 1 իրավաբանի։ Միաժամանակ, հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները, բռնության ենթարկված անձանց կրկնազոհացնելու վտանգը՝ նախագծով առաջարկվում է նաև սահմանել նշված մասնագետների պարտադիր վերապատրաստման պահանջ։
 
Առաջարկվում է նաև սահմանել, որ աջակցության կենտրոնը պետք է գործի շաբաթական առնվազն 40 ժամ։ Նշված կարգավորումները մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ-ում արդեն իսկ գործող և պետության համաֆինանսավորմամբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների փորձը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններն առավելապես առնչվում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական, սոցիալ-տնտեսական աջակցության տրամադրմանը, որոնց բնականոն և արդյունավետ իրականացումը հնարավոր է 40-ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։
 
Որոշմամբ՝ աջակցության կենտրոնը պետք է ունենա շուրջօրյա հասանելի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամար։ Արդյունքում՝ կապահովվի ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը և մեթոդաբանությունը, կսահմանվեն նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առավել արդյունավետ կերպով իրականացնել մասնավոր կազմակերպությունների կողմից աջակցության կենտրոնի ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ մշտադիտարկումը։ Բացի այդ, այն կնպաստի նաև աջակցության կենտրոնների գործունեության լավարկմանը, քանի որ հստակ կլինի նրանց կողմից ծառայությունների մատուցման ընթացակարգը, բացի այդ, կսահմանվեն այն անհրաժեշտ ձևաթղթերը, որոնք կկիրառվեն աջակցության կենտրոնների կողմից իրենց ամենօրյա աշխատանքում։