Վարչապետը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

Եվ պիտի հաճույքով արձանագրեմ, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով, որովհետև, գիտեք, կատարված փոփոխությունների հիմնական էությունն այն էր, որ ղեկավար անձնակազմը բնույթով քաղաքացիական հանրային պաշտոն է զբաղեցնում այլևս, բայց սա որևէ կերպ ոչ միայն չի նսեմացնում, այլև ընդգծում է սպայական և զինվորական ծառայության կարևորությունը: Ասել եմ մի քանի առիթներով, բազմիցս՝ համարում եմ, որ սպայական դասն ընդհանրապես ցանկացած պետության համար ողնաշարի նշանակություն ունի առանց չափազանցության և հանդիսանում են պետության, երկրի հենասյունը: Հայաստանի Հանրապետության սպաները, սպայական դասն ընդհանրապես և Ազգային անվտանգության ծառայությունն այս առումով ունի, իհարկե, կարևորագույն նշանակություն:
Ռազմավարական առումով այս թեզը հետագայում ավելի զարգացնելու և ամրապնդելու համար մեր բարեփոխումների օրակարգում ենք ընդգրկել նաև սպայական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ուժեղացնելու օրակարգը: Իմ ընկալումն այն է, որ բացի զինվորական տարբեր ուղղությունների մասնագիտացումից, կա նաև մի ընդհանուր սպայական հոգեբանություն, սպայական կրթություն, սպայական դաստիարակություն, որին Հայաստանի Հանրապետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝ քիչ առաջ իմ նշած տրամաբանությամբ և նկատառումներով:
Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:
Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից: Իհարկե, շատերի համար սա ընդամենը կարճ լրատվական հաղորդագրություն է, երբեմն ընդամենը մեկ-երկու օր, գուցե մի շաբաթ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվող, բայց կարծում եմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է ընկած այս ամենի հետևում: Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ հենց այս հանգամանքն է կարևոր: Տեսեք, մենք վերջին տարիներին շատ բարդ իրադրությունների միջով ենք անցել, բայց ՀՀ անվտանգությունը և կայունությունը հնարավոր է եղել պահպանել: Օրինակ՝ տարբեր քաղաքական իրադարձություններ երբ տեղի են ունենում, շատ դեպքերում դա որակում ենք՝ անկայունություն և այլն, և այդպես շարունակ: Իմ գնահատականն այդ չէ, որովհետև ժողովրդավարական հանրության մեջ անընդհատ պետք է լինեն և լինելու են դրսևորումներ: Շատ կարևոր է, թե այդ ընթացքում ինչքանով է հնարավոր լինում պահել օրինականությունն ու իրավակարգը:
Եվ մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը, և սա վկայում է մեր իրավապահ համակարգի և Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին: Վերջին տարիներին, իհարկե, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն էականորեն ավելացել է, և այդ ֆինանսավորումն արտահայտվում է ենթակառուցվածքների զարգացմամբ, արտահայտվում է կարողությունների զարգացմամբ, արտահայտվում է նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի արդյունքներ կարող ենք արձանագրել:
Պիտի ընդգծեմ Ազգային անվտանգության ծառայության հաջող դերակատարումն ու գործունեությունը հակահետախուզության ոլորտում: Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է:
Ուզում եմ ընդգծել հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը մեր երկրով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: