Դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան. վարչապետ

Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետության և պետականության ընկալման թեմայի շրջանակում՝ սոցիալական ցանցերում մեկնարկած  «Զրույցներ պետության մասին» շարքին, որը, ըստ Վարչապետի, կարելի է ընդլայնել և անվանել «Զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին»:
 
- Կան պատմություններ, իրավիճակներ, որոնք մեծ հաշվով սովորական են մեր իրականության մեջ, բայց, կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված մեր հայացքը պետք է փոխենք,-ասել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ առաջին հարցը, որին ուզում է անդրադառնալ վերջերս Հայաստանում տեղի ունեցած Ռազմական սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությանն է վերաբերում՝ Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությանը: 
 
- Պիտի արձանագրեմ, որ մեր զինվոր մարզիկները բավականին հաջող հանդես եկան այդ առաջնությունում և նվաճեցին 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ, որը ոչ միայն հաջող, այլև պետք է խոստովանեմ՝ անսպասելի հաջող արդյունք էր,-ասել է երկրի ղեկավարը և կիսվել այս առաջնության մասին քննարկումների վերաբերյալ իր վերաբերմունքով, որը ձևավորվել է նույնիսկ հանրային քննարկումներից առաջ: 
 
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է լրահոսում հայտնված այն լուրերի մասին, որոնց համաձայն՝ հայտնի մարզիկները զորակոչվել են բանակ: Այդ մարզիկների  հիմնական խնդիրն Ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն է եղել:
 
- Անկեղծ ասած, ես այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա Հայաստանի Հանրապետության բանակի և այս առաջնության նկատմամբ: Եվ մենք քննարկելով եկանք այն եզրակացության, որ սա նաև պետության ռեպուտացիայի հարց է, որովհետև, ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որը լինելով արդարության և ֆեյքազերծման ջատագով, կարող է հայտնվել սխալ իրավիճակում: Սա առաջնություն է ոչ թե մարզիկների, ովքեր բանակ են գնում մրցման մասնակցելու համար, այլ սա առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում,- ասել է երկրի ղեկավարը: 
 
Խոսելով բանակը ընդամենը մրցմանը մասնակցելու գործիք դարձնելու անթույլատրելիության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ընդհանուր մոտեցումն այն էր, որ մեր հավաքականը ճշգրիտ պետք է համապատասխանի միջազգային այս կազմակերպության կանոնադրությանը և՛ տառին, և՛ ոգուն համապատասխանող տրամաբանությանը: Եվ այս մոտեցումը ձևավորվում էր առաջին հերթին մեր պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ բանակի նկատմամբ մեր վերաբերմունքից»: 
 
Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, վերաբերել է նախորդ շաբաթ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի մի դասասենյակի անվանակոչմանը՝ ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ միջոցառումից տեղյակ չեն եղել ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ Գլխավոր շտաբի պետը, ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ ՏԿԵ նախարարը:
 
- Եվ սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ ես այս դահլիճում տասնյակ անգամներ խոսել եմ այդ մասին և ԿԳՄՍ նախարարն է խոսել այդ մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան,- նշել է վարչապետը: 
 
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում՝ դե յուրե միջոցներով, չեղարկել այդ որոշումը:
 
- Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ, և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում, երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել: Սա անընդունելի մոտեցում է, և այսպես հրապարակային են ասում՝ որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի:
 
Եվ ես խիստ դիտողություն եմ անում Շիրակի մարզպետին և Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: Կրկնում եմ՝ կա պետություն և կա ապապետություն, թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի, հետևանքները կլինեն համապատասխան,- նշել է  երկրի ղեկավարը: