Կնվազեցվեն հեղեղների հետագա հնարավոր վտանգները
Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ որոշումների՝ վերաբաշխում է կատարվել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի հուների մաքրմանն ուղղված միջոցառումների իրականացումը գնահատվել է անհետաձգելի և հրատապ, հաշվի առնելով նաև օդերևութաբանական կանխատեսումները աշնան, ձմռան և գարնան ամիսներին սպասվելիք առատ տեղումների և նորմայից ցածր ջերմաստիճանի վերաբերյալ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն նոր հեղեղումների և ավելի մեծ վնասների։
Հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150 մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ հողազանգվածը: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը լցվելով հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։ Նկարագրված իրավիճակից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հատվածում իրականացնել հետևյալ հակահեղեղային հրատապ կանխարգելիչ միջոցառումները` մաքրել սողանքային մարմնից պոկված, գետի հունը փոխած հողազանգվածը, ինչը կլայնացնի գետի հունը և կվերադարձնի գետը նախկին հուն։ Այն կնպաստի նաև գետի թողունակության մեծացմանը, ինչն էլ կնվազեցնի այդ հատվածում ջրհեղեղով պայմանավորված ռիսկերը: Որոշմամբ 150 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզին, 70 մլն դրամ՝ Տավուշի մարզին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ խնդրի երկարաժամկետ լուծման ևս մեկ ծրագիր է նախատեսվում. «Այն նախատեսվում է իրականացնել Լոռու մարզում՝ Ասիական զարգացման բանկի հետ: Հաջորդ տարվա բյուջեում այդ նպատակի համար 1,1 մլրդ դրամ ենք նախատեսել: Իրենց պատվիրել ենք այդ ամբողջ հատվածների, գետերի, գետաահուների, հարակից հատվածների ուսումնասիրություն և առաջարկներ, թե ինչպիսի լուծումներ տանք: Օրինակ՝ ճանապարհը որ տեղերում փոխենք, լայնացնենք, բարձրացնենք, հուներն ինչպես մաքրենք, ինչ հենապատեր դնենք: Այսինքն՝ մեծածավալ աշխատանք է պատվիրված»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առկա մի շարք խնդիրներին, մասնավորապես՝ գետերի հուների ճիշտ կառավարման, որը կնպաստի ջրհեղեղի ներուժի մասշտաբների նվազեցմանը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հետևողական միջգերատեսչական աշխատանք իրականացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: