«Պիտի ընդգծեմ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում Ձեր ներդրումը»․ Նիկոլ Փաշինյան

Ելիսեյան պալատում ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.
 
- Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել։  Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա հրավերի և ինձ և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանն այս հիրավի դարակազմիկ և էմոցիոնալ իրադարձությանը մասնակից դարձնելու համար։ 
 
Այսօր մենք ներկա ենք գտնվելու ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսներից` մեր հայրենակից Միսաք Մանուշյանի աճյունը ֆրանսիական մեծագույն քաղաքացիների պանթեոնում ամփոփելու արարողությանը, և իսկապես մեծ պատիվ է մեզ համար այսօրվա միջոցառմանն ու արարողությանը ներկա գտնվել։ Կարծում եմ՝ նաև այսօրվա իրադարձությունը ցույց է տալիս մեր երկրների և ժողովուրդների առկա հարաբերությունների խորքը, որովհետև դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, մարդկային, մշակութային են, այլ կարծում եմ` մեզ կապում է խոր, էմոցիոնալ կապը։ Եվ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ՝ կայացրած որոշման համար, որովհետև իսկապես սա ևս մեկ անգամ ընդգծում է ոչ միայն մեր բարեկամությունը և հարաբերությունների խորությունը, այլև յուրահատուկ և առանձնահատուկ գնահատանք է Ֆրանսիայի կայացման գործում ներդրում ունեցած հայերին, ինչը մեզ համար պատիվ է, մեծ հպարտություն։ 
 
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել այդ ներդրումն ընդգծելու համար։ Պիտի Ձեր թույլտվությամբ ընդգծեմ նաև, որ մենք այս տարի նման մի շատ խոր կոնտեքստ ունեցող իրադարձություն ունենք։ Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգին։ Եվ ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը` պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու։
 
Պիտի նաև արձանագրեմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում։ Եվ այստեղ, իհարկե, առանձնահատուկ է Ձեր անձնական դերը, պարոն նախագահ, և ուզում եմ դա շեշտել, և շնորհակալություն հայտնել մեր հարաբերությունների զարգացման ու խորացման նկատմամբ Ձեր ցուցաբերած մոտեցման համար։ Մեր կապերը խորանում են տնտեսության բնագավառում, մեր կապերը խորանում են քաղաքական առումով։ Եվ պիտի ընդգծեմ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում Ձեր ներդրումը։ 
 
Դուք հիշատակեցիք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին։ Համոզված եմ, որ այդ սկզբունքներին հավատարմության դեպքում իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և իրատեսական։ Եվ ևս մեկ անգամ ընդգծում եմ մեր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին։
 
Պարոն նախագահ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության գործում Ձեր ցուցաբերած աջակցության համար։ Դուք ընդգծեցիք, որ պաշտպանության ոլորտում, ըստ էության, մենք նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչն էապես է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Այդ առումով հայտնի է, որ կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ասացի՝ ճանաչում է իր բոլոր  հարևանների տարածքային ամբողջականությունը։ Եվ այս առումով, Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել, որովհետև մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն Հայաստանի Հանրապետության լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը։
 
Նաև ուզում եմ ընդգծել, որ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում Ձեզ հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Ձեր աջակցության համար։ Այս համատեքստում, իսկապես մենք նոր դինամիկ փուլ ենք մտնում նաև Եվրամիության հետ մեր հարաբերություններում։ Եվ այստեղ էլ պիտի ընդգծեմ Ֆրանսիայի և Ձեր անձնական աջակցումն այս գործում, որովհետև Եվրամիությունը նաև մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ունի առանցքային նշանակություն։
 
Իհարկե, ես այսօր առիթ կունենամ նաև Ձեզ հետ կիսել մտքեր մեր տարածաշրջանի, միջազգային իրավիճակի մասին։ Վերջին անգամ մենք քննարկում ենք ունեցել Գրանադայում, և այս ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաև որոշ տեղեկություններ կուզեմ Ձեզ հետ կիսել օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման և այլ քննարկումների մասին։ Եվ իհարկե, մեր օրակարգի բազմաթիվ հարցեր կան ու, բարեբախտաբար, մեր օրակարգը երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում մեր համագործակցության շատ լավ է, շատ ընդարձակ։ Եվ կարևոր է այստեղ այս առիթն ունենալու, չնայած չենք մոռանում, որ այսօրվա մեր հիմնական առաքելությունը պատվելն է Ֆրանսիայի անկախության և պետականության համար իրենց կյանքը նվիրաբերած և ներդրում ունեցած բոլոր հերոսների հիշատակին։