Անվտանգ խմելու ջրի համընդհանուր հասանելիության պահանջով

ԱՎԵԼԻ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՄՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ

Ըստ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի հրապարակված զեկույցի, կառավարությունները պետք է ռազմավարական ներդրումներ կատարեն հօգուտ անվտանգ խմելու ջրի համակարգերի կառուցման՝ ոչ միայն ավելացնելով ֆինանսավորումը, այլև ամրապնդելով կարողությունները ծառայությունների մատուցման պլանավորման, համակարգման և կարգավորման ուղղությամբ, եթե աշխարհը նպատակ ունի հասնելու անվտանգ խմելու ջրի համընդհանուր հասանելիության և մեղմելու կլիմայի փոփոխության հետևանքները:
 
Ըստ Խմելու ջրի պաշարների վիճակն աշխարհում  (The State of the World’s Drinking Water) զեկույցի, վերջին երկու տասնամյակում ավելի քան 2 միլիարդ մարդու հասանելի է դարձել անվտանգ խմելու ջուրը: Այս առաջընթացը, թեև դրական, այնուամենային փխրուն և անհավասար է, քանի որ աշխարհի բնակչության մեկ քառորդին թողել է հետևում: Կլիմայի փոփոխությունը մեծացնում է երաշտների և ջրհեղեղների հաճախականությունն ու ուժգնությունը, որոնք խորացնում են ջրի անապահովությունը, խաթարում են մատակարարումները և ավերում համայնքները: Միևնույն ժամանակ, արագ տեմպերով ընթացող ուրբանիզացիան ծանրաբեռնում է ոչ ֆորմալ և աղքատ համայնքներում ապրող միլիոնավոր մարդկանց ջուր մատակարարելու քաղաքային կարողությունները:
 
Իրավիճակը Հայաստանում
 
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն՝ շուրջ 4000 աշակերտ, այն է ՝ աշակերտների 1 տոկոսը, և 600 ուսուցիչ, այն է՝ ուսուցիչների 1.6 տոկոսը 70 (5 տոկոս) դպրոցներում, չունեն ջրի հասանելիություն (թե' խմելու, թե' ձեռքերը լվանալու համար) և գրեթե 3600 աշակերտ, այն է՝ աշակերտների 0.9 տոկոսը և 500 ուսուցիչ, այն է՝ ուսուցիչների 1.3 տոկոսը ՀՀ 50 դպրոցներում չունեն ոչ ջրի, ոչ սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիություն:
 
2022 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել է ՀՀ հանրային նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների վիճակի գնահատման վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության և ստացված փաստերի հիման վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին լուծումներ կառաջարկի առկա բացերը լրացնելու ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն դպրոցական տարբեր կարիքներին, այդ թվում նաև՝ սանհանգուցային սարքավորումների մոդելների դիզայնի ու ծախսերի, ինչպես նաև ազգային չափորոշիչների և ծրագրերի արդիականացման վերաբերյալ: