Ինչպե՞ս բացահայտվեցին երեխաների վաճառքի դեպքերը

Մ․-ն այն նախկին պաշտոնյան է, ում ջանքերով նաև բացահայտվեցին երեխաների վաճառքի դեպքերը։ JAMnews-ը չի բացահայտում իր զրուցակցի ինքնությունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
 
Մ․-ն ասում է՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին խոսակցություններ վաղուց են եղել, դրան անդրադարձել է նաև Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն։ Թե՛ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, թե՛ վերջնական զեկույցում նա նշել էր, որ Հայաստանում մեծ է երեխաների վաճառքի ռիսկը՝ որդեգրման համակարգի միջոցով։ Դրանից հետո, սակայն, որևէ համակարգային փոփոխություն Հայաստանում չէր կատարվել։
 
- Իրականում այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ հարց առաջացավ, թե Հայաստանից քանի՞ երեխա է ընդհանրապես որդեգրվել օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Բնականաբար, սկսեցինք ուսումնասիրել բոլոր հասանելի տվյալները։ Պարզվեց, որ տարբեր պետական գերատեսչություններ տարբեր տվյալներ էին ներկայացնում։
 
Իհարկե, դրանց մի մասը կարող է տարբերվել իրարից, որովհետև տարբեր կառույցներ տարբեր փուլերում են վիճակագրություն վարում, բայց, օրինակ, Արդարադատության նախարարության, ՔԿԱԳ և դատական դեպարտամենտի տվյալներն ուղղակի չեն կարող տարբերվել իրարից։ Հենց այդ պահից արդեն հասկանալի էր, որ այստեղ խնդիր կա,- պատմում է Մ-ն։
 
Հիմնական տվյալները ձեռք բերվեցին, երբ ուսումնասիրվեցին որդեգրման գործընթացում գտնվող, բայց դեռևս մանկատներում ապրող երեխաների անձնական գործերը և նրանց առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերի իսկությունը։
 
- Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ այդ երեխաների անձնական գործերում նշված առողջական խնդիրները կա՛մ չէին համապատասխանում իրականությանը, կա՛մ ուռճացված էին։ Գրեթե չկային գործեր, որոնցում թերություններ չգտնեինք։ Նվազագույն խնդիրը այն կարող էր լինել, որ երեխայի տվյալները սխալ գրանցած լինեին։
 
Ունեինք դեպքեր, երբ նույն երեխան մի տեղ գրանցված էր որպես մահացած, մյուսում՝ որդեգրված։ Կային երեխաներ, որոնց անձնական գործերին կցված էին 4 տարբեր հիվանդությունների մասին ախտորոշումներ, իսկ նկարագրություն բաժնում գրված էր՝ «պրակտիկ առողջ»,- ասում է Մ․-ն։ 
 
Երեխաների օտարերկրյա որդեգրման գործընթացում ներգրավված են մի քանի գերատեսչություններ ու կառույցներ՝ ծննդատուն, համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, քաղաքապետարանի համապատասխան վարչություն, մանկատներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարություններ, ՔԿԱԳ, ՀՀ կառավարություն և դատարաններ։
 
Ըստ մեր զրուցակցի՝ երեխաների վաճառքի այդ դեպքերը հնարավոր է եղել կոծկել միայն այն պատճառով, որ այդ գործընթացում ներգրավված են եղել վերը նշված բոլոր կառույցները։ Որդեգրման գործընթացի ավարտից հետո՝ երեխայի վերաբերյալ մշտադիտարկում կարող են իրականացնել տվյալ երկրում Հայաստանի հյուպատոսական ներկայացուցչությունը կամ նրանց կողմից պատվիրակված մասնագիտացած գործակալությունները։ Ուսումնասիրված գործերի մեծ մասում մշտադիտարկման զեկույցները կազմվել են հենց արտասահմանյան մասնավոր գործակալությունների կողմից։
 
- Կային դեպքեր, երբ այդ զեկույցները կազմված էին թերի, կամ ընդհանրապես բացակայում էին։ Սակայն, ըստ էության, դրանց առկայությունն այլևս որևէ էական նշանակություն ունենալ չի կարող․ փաստ է, որ երեխան արդեն գտնվում է արտասահմանում։ Հենց այս գործակալություններն էլ որոշիչ գործունեություն են իրականացրել երեխաների վաճառքի գործընթացում,- կարծում է Մ-ն։
 
Ի դեպ, պատկան մարմինների կողմից տրամադրած տվյալները մինչ օրս էլ հակասական են։ Վիճակագրական կոմիտեն հայտնում է 17 որդեգրված երեխայի մասին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 19։  
 
Արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2021 թ․-ին օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 12 երեխա, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 5–ը։
 
Հանցավոր խումբը վաստակել է ավելի քան 1 միլիոն եվրո
 
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի բնակչուհին, որը երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել դրանց հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ։ Դրա կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, որոնք իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին:
 
Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը:
 
Այս կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում։ Իրենց կայքում հրապարակել են տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը»։ Ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով: 
 
Ապօրինի որդեգրման համար, գործով որպես մեղադրյալ անցնող 11 անձինք ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, ստացել են ավելի քան 1.200.000 եվրո:
 
Ի՞նչ է լինելու վաճառված երեխաների հետ․ դեռ պարզ չէ
 
Ի՞նչ կլինի գործի քննության արդյունքում Մ․–ն չգիտի, անհայտ է նաև գործով անցնող երեխաների հետագա ճակատագիրը։ Անգամ, եթե ապացուցվի հանգամանքը, որ երեխաները վաճառվել են, նրանց հետագա բնակության վերաբերյալ հստակ ընթացակարգեր չկան։
 
- Ամենայն հավանականությամբ, երեխաները կշարունակեն ապրել այն ընտանիքներում, որոնց կողմից որդեգրվել են, եթե, իհարկե, չպարզվեն հանգամանքներ, որ երեխայի բնակությունն այդ ընտանիքում վտանգում է նրա կյանքը։
 
Միջազգային պրակտիկայում կան դեպքեր, երբ երեխաները վերադարձվել են, բայց դրանցում հանգամանքներն այլ են եղել․ օրինակ՝ երեխաները ներգրավված են եղել հարկադիր աշխատանքներում կամ նման բաներ։ Նման դեպքերում, որոշումներ կայացնելիս, որոշիչ է լինում երեխայի լավագույն շահը։ Գուցե, երեխայի չափահասությունից հետո, նրան պատմեն իրողությունը, և ինքը կորոշի՝ որտեղ և ում հետ ապրել, սակայն մինչ այդ նրա փոխարեն որոշումները կայացնում են նրա օրինական խնամակալները, այս դեպքում՝ որդեգրող ծնողները,- բացատրում է Մ․-ն։
 
Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
JAMnews