Արդյո՞ք գյուղմթերքի ամառային գնաճը քաղաքական դրդապատճառներ չուներ
ՀՐԱՏԱՊ Է ՆԱԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Ու հենց այս սուտի պատճառաբանությամբ վերացրեցին շուկաները՝ գյուղմթերքի վաճառքի ասպարեզը նվիրելով կրպակներին, սուպերմարկետներին, որոնց տերերը կամ այս բիզնեսի շահառուներն են կամ նրանց ենթակաները: Ինչո՞ւ չէ, այս տարվա վայրի գնաճը գուցե նաևքաղաքական միտումներ ուներ՝ ժողովրդին հիասթափեցնելու նոր իշխանություններից: Սակայն հանվեց գյուղացու մուտքը դեպի շուկա արգելանքը, և թաղամասերում ծայր առավ փողոցային առևտուրը՝ անհամեմատ մեղմելով սուպերմարկետա-կրպակային գիշատիչ գները: Եվ հենց այդ գնանկումն էլ չարացրել է գին թելադրող թալանչիներին, ովքեր սկսել են թաղի բնակիչ «լավ տղերքին» ուղարկել գյուղացիների մոտ՝ սպառնալի տոնով նրանցից պահանջելու հեռանան ու այլևս այդ տարածքում չերևան: Այդպիսի մի միջադեպի ապամա մասնակիցը դառնալով՝ հարցրի «մունետիկ» տղամարդուն.
- Ինչո՞ւ եք վռնդում նրանց. չէ՞ որ վերջապես մատչելի գներ ենք տեսնում:
Տղամարդուն չէին նախապատրաստել այսպիսի արձագանքին, և նա, նույն կոպիտ տոնով անկեղծացավ՝
- Որովհետև խփում են խանութներին, սաղդ սրսնցից եք առնում:
- Թող խանութներում էլ էժանացնեն՝ այնտեղից առնենք:
- Խի՞ էժանացնեն, պարտք ե՞ն ձեզ…
Հետո վաճառող գյուղացիներից մեկն ասաց, թե խանութատերերն իրենց «խոստացել» են, որ առաջիկա ընտրություններից հետո բոլորին «քշելու են իրենց գեղերը»:
Փաստորեն շուկան ևս քաղաքականության բաղադրիչն է…
Ճիշտ է, քաղաքակրթության չափանիշներով խրախուսելի չէ փողոցային առևտուրը, բայց նաև գնորդի իրավունքների ոտնահարում չէ՞ նրան իրական շուկայից, անմիջականորեն արտադրող գյուղացուց գյուղմթերք գնելու հնարավորությունից զրկելը: Երևանյան երբեմնի բացօթյա շուկաները (որոնցում մատչելի էին և՛ վաճառատեղերի գները, և՛ մթերքները) վերացնողները գիտեին իրենց գրպանի արժեքը:
Իսկ այսօր, երբ ժողովրդաշահ քայլերի ձգտում է նկատվում, չի կարելի անտեսել այդպիսի շուկաների վերականգնման անհրաժեշտությունը՝ համոզված, որ առանղ միջնորդների շուկան կզսպի նաև խանութների կատաղի գնաճը: Ճիշտ է, շաբաթ-կիրակի օրերին երբեմն ինչ-որ վայրում կազմակերպվում է այդպիսի շուկա, սակայն սպառողը միայն հանգստյան օրերի չէ, որ սնվում է: Բացի այդ՝ բոլոր երևանաբնակները չեն կարող և չպետք է մեկ վայրից գնումներ կատարել:
Չմոռանանք, որ շուկա ասվածի գլխավոր նախապայմանը գնորդ-վաճառող փոխհամաձայնությամբ գնագոյացումն է, մինչդեռ արդեն 30-ամյա անկախության տարիներին դա նույնպես դարձել է մի խումբ բիզնեսմենների թելադրանքի միջոց: