Ի՞նչ անուն տալ սրան. թշնամու պաշտամո՞ւնք

ՀԱՅԱՍՊԱՆԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԵՆ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՒՄ

Անկարելի է անվրդով կարդալ Արցախի ՀԿ-ների համատեղ հայտարարությանը, որով «Հայկի Սերունդ», «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն Արցախ», «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն», «Առաջ Արցախ», «Միացյալ Արցախ», «Հանուն Հայրենիքի», «Իրազեկ սերունդ», «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունները և ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ-ն իրենց ընդվզումն են արտահայտել կատարվածի առթիվ: Իսկ կատարվածը հայրենադավության, Արցախյան ազատամարտի նահատակների և ազատամարտիկների սխրանքի ուրացման դրսևորում է: Եռաբլուր շիրմատուն-պանթեոնը վկա:
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Վերջին օրերս Արցախյան հանրության շրջանում խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացրել Ակնայում (նախկինում՝ Աղդամ) Ադրբեջանի ազգային հերոս, Աղդամի գրոհայինների գումարտակի առաջին հրամանատար Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի վերականգնումը մեր որոշ հայրենակիցների կողմից:
 
90-ականների սկզբներին՝ Արցախյան ազատամարտի շրջանում, Աղդամն ադրբեջանական բանակի հզոր ռազմական հենակետերից մեկն էր, որտեղից զոր ու գիշեր հրետակոծվում էին ինչպես մերձակա հայկական գյուղերը, նույնպես և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Գրեթե անդադար էին այդտեղից իրականացվող ելուզակային հարձակումները հայկական բնակավայրերի վրա, այդ թվում՝   անձամբ Ալլահվերդի Բաղիրովի և նրա գլխավորած գումարտակի անմիջական մասնակցությամբ։ Արցախահայության ցեղասպանությանն ուղղված այդ բարբարոսական գործողությունների հետևանքով հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ են զոհվել՝ երեխաներ, կանայք ու ծերունիներ։ Ի վերջո, Արցախի Ինքնապաշտպանության ուժերին 1993թ. հուլիսի 22-23-ին հաջողվեց փայլուն ռազմագործողության արդյունքում՝ հայ քաջորդիների արյան ու կյանքի գնով իսպառ չեզոքացնել թշնամու «գայլաորջ» դարձած այդ հենակետը։
 
Եվ հիմա մեր ինչ-ինչ հայրենակիցներ, այսպես կոչված,  «մարդասիրական մղումներից դրդված» փորձում են վերականգնել հայ բնակչության սպանդի կազմակերպիչ դահիճներից մեկի հուշաքարը։
 
Մենք՝ Արցախի Հանրապետության հասարակական կառույցները, խստիվ դատապարտում ենք այդ հակազգային քայլը՝ որակելով այն որպես հայ ժողովրդի ազգային ինքնասիրությունը, պատիվն  ու  արժանապատվությունը վիրավորող, Հող հայրենիի ազատագրությանն իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոս նահատակների հիշատակի անարգմանն ուղղված  իրողություն։
 
Ադրբեջանում առայսօր պետական և հասարակական մակարդակներով շարունակվում է հայատյաց քաղաքականությունը։ Պղծվում, ջարդվում, ոչնչացվում են հայկական շիրմաքարերը և պատմամշակութային հուշարձանները: Ի տարբերության՝ Արցախում պետական ու հանրային հոգածության տակ են գտնվում մահմեդական հոգևոր նյութական արժեքները, այդ թվում՝ Շուշիում և Ակնայում առ այսօր մնայուն մզկիթները, որոնց տարածքում կանգուն են ադրբեջանական գերեզմանաքարերը, աշխատանքներ են տարվում, մասնավորապես, Շուշիի պարսկական մզկիթի վերականգնման ուղղությամբ։ 
 
Միևնույն ժամանակ, մենք միանգամայն օրինաչափ ու տրամաբանական ենք համարում, որ մեր մի խումբ հայրենասեր երիտասարդներ, որոնցից շատերի հարազատները  նահատակվել են Ազատամարտում, ի պատասխան ջարդել են այդ տխրահռչակ հուշաքարը: Անկասկած, նրանց այդ վարմունքը զուտ արժանապատվության և ինքնասիրության արտահայտություն էր։ Եթե հարևան երկրում չկա հայ ժողովրդի նկատմամբ հանդուրժողականության որևէ նշույլ, ապա ինչ խոսք կարող է լինել մեր կողմից նույն այդ հանդուրժողականության դրսևորման մասին:
 
ք. Ստեփանակերտ
31.07.2018