Ա՛յ, էսպես էլ ապրել ենք

Ոչ միայն հայաստանաբնակերը, այլև երկիրը հուսահատ լքածները ամեն օր ու ամեն ժամ սեփական մաշկի վրա էին զգում այն ապօրինությունները, որոնք ամբողջ աշխարհն անվանում է կոռուպցիա: Զավեշտով էինք ընդունում նաև դրա դեմ պայքարելու մասին հաղորդագրությունները: Զավեշտով, որովհետև հենց պետության գանձարանը քերողներն էին խոսում այդ մասին ու ընդգրկվում ինչ-որ հանձնաժողովներում: ՈՒ թվում էր, թե այդ թեմայով որևէ փաստ, պետության աղքատ գանձարանը կողոպտելու ոչ մի հայտնաբերում չի կարող զարմացնել իր երկրում նսեմ գոյություն քարշ տվող հայ մարդուն:
 
Վերջին երկու ամիսների ընթացքում կատարվող բացահայումները, սակայն, ցնցեցին ամենահոռետեսներին ու իրենց լավատեղյակ համարողներին անգամ, անգամ՝ իշխանություններին ամենաանզիջում քննադատողներին: Պարզվում է՝ հոգեկան հավասարակշությունը խաթարելու չափ այդ բացահայտումները ցնցում են նաև բացահայտողներին: Երբեմնի ընդդիմադիր լրագրող ու քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանում է.
 
- Իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է։ Որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին:
 
Հայաստանում կոռուպցիայի թեմայով խոսող ավելի շատ պատգամավոր և լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ապշած եմ ուղղակի: Եվ շատ դեպքերում ինքս ինձ քննադատության սրության մեջ սահմանափակել եմ, բայց ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է։ Դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր քննադատությունը կոռուպցիայի մասին ծիծաղելի է այդ կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների կապակցությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել։ Սա ահավոր երևույթ է:
 
Պատկերացրեք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որ ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում են հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ապացույց 1, ապացույց 2, ապացույց 3, ապացույց 4…
 
Նկարագրելով սրտի ցավը, որ ապրում է ամեն անգամ՝ անխնա թալանի հերթական փաստերին ծանոթանալով՝ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարից պահանջել է դադարեցնել ապացույցների թվարկումը՝
 
- Ասում էի՝ էսօր ինձ հերիք ա, ցտեսություն. գնացեք ուրիշի պատմեք, ես է՛լ չեմ կարող դա լսել։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու էն վարչապետը, ով իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ ասել է, որ թալանվում է էս երկիրը, կոռուպցիա է, անտերություն, բեսպրեդել է և այլն։ Ամեն օր, որ սկզբունքորեն իր համար ոչ մի անսպասելի բան պետք է չլիներ, բայց ամեն օր էդ վարչապետը շոկի է ենթարկվում, որովհետև բերում են տեղեկություններ, որոնց ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է էդ աստիճանի լկտի լինել, ու այն ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ։
 
Ակամա հին ու բարի գովազդն ես մտովի վերափոխում՝ 
 
- Ա՛յ, էսպես էլ ապրել ենք:
 
Ապրե՞լ ենք, թե՞ զզվելու չափ հիասթափվել հայաստանցի լինելուց:
 
Ապրե՞լ ենք, թե՞ երազել՝ պահ առաջ լքել այն երկիրը, որտեղ քեզ աղքատացնող փողի իշխանությունը ամեն օր ապացուցում էր, որ դատարկ գրպանով դու ոչ ոք ես: