Արդյո՞ք բնօրինակները չեն փոխարինվել պատճեններով

Հայաստանի ազգային պատկերասրահը պահանջում է վերադարձնել իր հարյուրավոր ցուցանմուշնները, որոնք ժամանակավորապես տրամադրվել էին պետական հաստատություններին:
 
Այդ արժեքավոր նկարների տրամադրման ժամկետը լրացել է, և հիմա դրանք պահվում են ապօրինի կերպով:
 
JAMnews-ի այս տեղեկատվությանը ծանոթանալով՝ նախ տարակուսանք ես ապրում: Ազգային պատկերասրահին պահ տրված բարձրարժեք այդ նմուշներն արդյո՞ք ենթակա են տրամադրման՝ թեկուզ պետական կառույցներին: Չէ՞ որ դրանց պահպանման պայմաններ կան (ջերմաստիճան, լուսավորություն, մաքուր՝ առնվազն անծուխ միջավայր), որը հազիվ թե պետհաստատությունները կարողանան կամ մտահոգվեն պահպանել: Դրանց արժեքը ճիշտ գնահատող պաշտոնյաները հազիվ թե իրենց և ուրիշներին թույլ տային նման շռայլություն: Ավելին, արդյո՞ք անվանի արվեստագետների ստեղծած այդ նմուշները բնօրինակներն են, թե՞ արդեն կրկնապատկեր են դարձել, իսկ բնօրինակները վաղուց վաճառվել են…
 
Դժվար չէ ենթադրել, թե Հայաստանի ազգային պատկերասրահը մինչ օրս ինչու չի պահանջել վերադարձնել այսպես կոչված ժամանակավոր օգտագործման տրամադրվել այդ արժեքավոր կտավները: Պատկերասրահի ղեկավար Արման Ծատուրյանը պնդում է, որ նկարներն ապօրինի կերպով պահվում են՝ թեև
պայմանագրերից 26-ի տրամադրման ժամկետը լրացել է:
 
- Նկարները տրամադրվում են առավելագույնը 3 տարի ժամկետով։ Կան պայմանագրեր, որ վաղուց ավարտվել են, և Մշակույթի նախարարությունը վաղուց պետք է պահանջեր, որ այդ նկարները վերադարձնեն,- ասել է Ազգային պատկերասրահի տնօրենը:
 
Այդ հարցով Արմեն Ծատուրյանը բազմիցս դիմել է մշակույթի նախկին նախարարներին: Սակայն նկարները պատկերասրահ չեն վերադարձվել:
Տնօրենի խնդրանքին արձագանքել է մշակույթի միայն ներկայիս նախարար Լիլիթ Մակունցը: Նա արդեն վերադարձրել է Մշակույթի նախարարությունում գտնվող նկարները և դիմել է մյուս կառույցների ղեկավարներին: Նախարարության հայտարարությունում ասված է. 
 
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից՝ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին:
 
Տեղեկացնում ենք, որ չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին:
 
Կոչին դեռևս արձագանքել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը:
 
Ի դեպ, միայն ԱԻՆ-ում Ազգային պատկերասրահի տրամադրած 94 կտավ կա: Իսկ պատկերասրահի ամենաարժեքավոր ցուցանմուշները գտնվում են վարչապետի նստավայրում, կառավարության շենքում և խորհրդարանում: