Բա մեղքի ժանգը ո՞նց եք քերելու ձեր հոգիներից

ԵԹԵ, ԻՀԱՐԿԵ, ՀՈԳԻ ԱՍՎԱԾԸ ՉԻ ԼՔԵԼ ՁԵՐ ԿԵՆԴԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Երեկ երկու հրաժարական հնչեց: Երկուսն էլ՝ հարկադրված ոչ թե բռնի ուժով, այլ՝ որպես իրենց մութ գործերն այլևս կոծկել չկարողացող պաշտոնյաների վերջին քայլ: Երկուսի էլ՝ տարիներ շարունակ չփակվող ախորժակի հետևանքները ի տես էին հանրությանը, բայց նրանց համար նույն հանրությունը միայն բզկտումների թիրախ էր. թիրախ, որին ամեն օր խոցում էին արհամարհանքով, ցինիկաբար:
 
Պաշտոններից, ասել է թե թալանից նրանց հրաժարումն օրինաչափ էր. զարմանցնողը դրանց հրաժարականների բովանդակությունն էր: Տեսնես ով և ինչու էր հուշել նրանց՝ չքմեղագրեր մոգոնել, այն էլ՝ հասարակությանը մեծարելով որպես «Սիրելի՛
համաքաղաքացիներ» և «Սիրելի´ հայրենակիցներ»:
 
Հազիվ թե որևէ հայ ցանկանա Տարոն Մարգարյանի և Արա Վարդանյանի սիրելին լինել: Մինչդեռ հատկապես Տարոնի պարագայում դեռ նրա պաշտոնավարման արշալույսին երևանցին քվեի հետ տվել է իր սերը: Հավատացել է բարեհամբավ Անդրանիկ Մարգարյանի որդուն: Իսկ Երևանն իր տնամերձը դարձրած այդ որդին ոչ միայն հոր հիշատակն ու համբավը խամրեցրեց, այլև 2011-ից ի վեր ջանադրորեն ապացուցեց, որ երևանցին ու Երևանն իր համար ընդամենը շքեղ ապրելու միջոց են, քաղաքապերարանն էլ՝ մերձավոր բարեկամներին պետբյուջեից սնվելու աղբյուր: Ավան համայնքում նա նորօրյա «չախչախ թագավոր» է՝ անհաշվելի շենք-շինություներով, իսկ նրա դրածոները՝ կատարյալ պատուհաս բնակչության համար: (Հաշվարկ ներկայացվեց, ու հերքում չեղավ, չէ՞, որ այսքան ունեցվածք ձեռք բերելու համար նա առնվազն 210 տարի պիտի աշխատեր:) ՈՒ հիմա էս «չախչախ»-ն ասում է. 
 
- Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։
 
Ներողամտություն է հայցում ոչ թե մայրաքաղաքի խնդիրները չկարգավորելու և կալվածատեր դառնալու համար, այլ՝ որ երևանցիների հետ իր համատեղ ճանապարհն է ընդհատվում: Եվ՝ ոչ մի մեղանչանք: Այս առումով, երևի, ավելի անկեղծ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժեշտի խոսքը՝ «քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը»:
 
- Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը: 
 
Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից՝ մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից,- գրելէ Ա. Վարդանյանն այսօր տարածած իր նամակում՝ չմոռանալով նաև շնորհակալություն հայտնել իր ստնտուներին.
 
- Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար:
 
Իհարկե, մինչ այս պահը «հայրենիքի շենացման գործ»-ը նա նույնացնում էր սեփական գրպանի շենության հետ: Հիմա, երևի, ստիպվեց տարբերակել այդ երկուսը:
 
Որքան էլ թալանի կարծրացած աղբը մաքրողներին երբեմն-երբեմն հանդիմանանքով սաստելու կոչեր են հնչում, այդուհանդերձ՝ մաքրագործումների մեկնարկը տրված է: ՈՒ հիմա եթե հանդիմանել, ապա միայն այսօրինակ թալանչիներին հովանավորողներին է պետք, նրանց կեղեքումների ջրաղացին ջուր լցնողներին, որոնց թողտվությամբ ոչ միայն երկիրն է թշվառացել, այլ ժողովրդի ունեցվածքով պարարտացածների մեղքի ժանգն այնքան է կարծրացել, որ մաքրելու հույս ու հնար արդեն չկա