Զարմանքի փոխարեն՝ նզովք ու հայհոյանք

ԴԻԶԵԼՈՒ ԱՆԿՇՏՈՒՄ ՄՈԼՈՒՑՔ. ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐՆ ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԻ՞ԹԵ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄՏԱԾԵԼ

Իրար հաջորդող բացահայտումներ կատարողներին ուզում ենք հուշել մի «մանրուք» ևս, որի մասին, վստահ ենք, որ իրենք էլ գիտեն, բայց հանկարծ կարող են երկրորդել: Բազմաթիվ շքեղ առանձնատներ ու զարմանազան «օբյեկտներ» ունեցող պարոններն, ասում են՝ նաև էլէներգիայի և գազի «զապաս» գծեր ունեն, ու նրանց սպառածը հավելագրվում է հասարակ մահկանացուներին: Ասում են նաև, որ նրանք չեն վճարում կամ խորհրդանշական չնչին մանրադրամներ են վճարում իրենց վատնած գազի, ջրի ու թլեկտրաէներգիայի դիմաց: Սա՝ իմիջիայլոց:
 
Աղմկահարույց բացահատումների ընթացքը դեռ երկար է շարունակվելու՝ ամեն անգամ նոր թառանչ կորզելով հայաստանաբնակների հոգուց: Գուցե այնքան էլ օրինաչափ չէ, սակայն ընչազրկության սահմանը հատած ժողովրդին չի զարմացնում բացահայտվածը:
 
Չի զարմացնում, որովհետև բոլորին է հայտնի թալանը, օրավուր աղքատացող «շարքայինների» հաշվին հարստացող, բյուջեն սեփական գրպանից չտարբերելը: Արտոնյալ այդ փոքրամասնության ամենազոր ներկայացուցիչներն էլ էին հայտնի, որոնք անունները հնչում էր որպես նզովք ու հայհոյանք:
 
Որևէ մեկի արժանապատվությանը դիպչելու ցանկություն չունենալով հանդերձ, ուզում եմ հոգեբան- հոգեբույժներին հուշել՝ ուսումնասիրելու դիզելու անհագ այս մոլուցքի ծագման պատճառներն ու հետևանքները: Արդյո՞ք հոգեկան շեղում չէ՝ հանրությանը, իրենցից թույլ ամեն մեկին պատկանող ամեն ինչ (ընդհուպ մինչև սգո ծաղկեպսակը) հափշտակելն ու կուտակելը: Արդյո՞ք բանական արարածին բնորոշ էիրենց իսկ կեղեքած ժողովրդին այսչափ ատելն ու արհամարհելը: Ի դեպ՝ փորձով հաստատված ճշմարտություն է, որ շրջապատողներին քաղցած տեսնելը մեծ բավականություն է պատճառում երբեմնի չքավորներին, որ բիրտ արհամարհանքով տոգորվում են նախկինում արհամարհվածները և իրենց հպատակներին ստորացնում են նրանք, ովքեր ստորաքարշությամբ են ապրել:
 
Այո (և՝ դժբախտաբար), ոչ մի բացահայտում առանձնապես չի զարմացնում. փոխարենը խորացնում է զզվանքը և հույս ներշնչում, որ այսուհետ գոնե այդ թարախապալարները նորից չեն վերակենդանանա: Մանվել Գրիգորյանն առաջին «ծիծեռնակն» էր այդ շարքում: Երեկ ձերբակալվել է նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը, այսօր՝ Վաչագան Ղազարյանը: Վերջինիս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, և դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է. Վ. Ղազարյանը կալանավորվել է:
 
Իսկ Ն. Ամիրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում՝ Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
 
Ո՞վ կամ ովքե՞ր են հաջորդելու սրանց: Ըստ էության՝ հաջորդականությունն այնքան էլ կարևոր չէ, սակայն բավական ինտենսիվավեցել հետաքրքրությունը Տարոն Մարգարյանի նկատմամբ: Լրագրողական հետաքննության արդյունքում համացանցում հայտնված 20-րոպեանոց տեսանյութում մանրամասն ներկայացվում է Մարգարյանի ունեցվածքը, մեքենաները և լրացուցիչ եկամտի տարբեր աղբյուրները: Նույնիսկ հաշվարկ է կատարվել, որ իր աշխատավարձի պարագայում Երևանի քաղաքապետին 210 տարի պետք կլիներ՝ նման կարողություն դիզելու համար…
 
Ցավալի իրականություն է սա: Արտերկրում բնակվող բարեկամս երեկ խղճահարությամբ հարցնում էր՝ 
 
- Լավ, բա ո՞նց եք դիմացել էդ մարդկանց:
 
- Քեզ համար սա նորությո՞ւն: Այդ դեպքում ինչո՞ւ դու և մյուսները հեռացաք երկրից,- ասացի՝ որպես պատասխան թառանչ լսելով: