Հանրությանը ծանոթ ԵԿՄ-ն, իհարկե, պետք չէ

«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ ԿԱՌՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ՈՉ»

Որոշ իմաստով մեզնում առկա տրամադրությունների բացահայտումն էր Մեդիա կենտրոնում անցկացված՝ «ԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ» թեմայով քննարկումը: Առիթը, բնականաբար գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված ԱԱԾ-ի խուզարկությունն էր, որն ապշահար էր արել նույնիսկ Մ. Գրիգորյանի ապօրինություններին ծանոթ մարդկանց:
 
Հայտնաբերված մեծաքանակ զենք-զինամթերքի, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնության, զինվորների համար նախատեսված սննդի, դեղորայքի ու հիգիենայի պարագաների, ավոմեքենաների (ներառյալ շտապօգնության մեքենան) կարիքն առաջնագծում շատ կա: Բայց դրանք հենց Մանվելի ու նրա նման անկուշտ մեծահարուստերի կյանքն ու թալանածը պահպանող զինվորներից են խլվել:
 
Հանրային կարծիքը թե՛ այս օրերին, թե՛ սրանից էլ ծատ առաջ մեկն է՝ պիտի դադարեցնել, կանխել այսօրինակ թալանը: Իսկ կանխելու համար բացահայտել է պետք: Բայց արի ու տես, որ այս բացահայտումը ոմանց սրտով չէ: Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովի համար, օրինակ, անհասկանալի է կոռուպցիայի դեմ ԱԱԾ պայքարը:
 
- Գոնե լրտեսներով զբաղվեն, ստեղծեն մի հակակոռուպցիոն բաժին, ԱԱԾ-ն հետախուզությունով զբաղվելու փոխարեն՝ կոռուպցիոներներին է բռնում։ Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է ձերբակալելով, ո՞նց կարելի է նման բան անել, թող լրտեսներով զբաղվեն,- ասել է նա։ («Գոնե» ասելով երևի նկատի ուներ «փոխանակ») 
 
Ստացվում է՝ երկրում օրինականություն հաստատելու պահանջը ոմանց համար զուտ ձևական խոսք է, որը գործ դարձնելը դատապարտելի է: Եթե «լակոտ-լուկուտներ» ասելով Մանվելին ու նրա նման դավաճաններին (այո, նրա այսքան հափռածը դավաճանություն է նախ բանակին) նկատի ունի, ուրեմն սրանց գոյությունը հենց այդ լրտեսների ջրաղացին է ջուր լցնում: 
Միանգամայն ճիշտ է իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այն նկատառումը, որ՝ 
 
- ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ: Նրանց դերն էր՝ սպասարկել օրվա իշխանությանը և կատարել նրանց հրահանգները։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԿՄ ղեկավարությանը և բոլոր յուրայիններին տրվեցին այնպիսի իրավունքներ և լիազորություններ, որոնց պարագայում նրանք մարդուց կամաց-կամաց վերածվեցին հանցագործի։
 
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքը նույնպես կիսելի է՝ ԵԿՄ-ն և ռազմականացված մյուս կառույցները  կա՛մ պետք է դադարեն գոյություն ունենալ, կա՛մ  պետք է վերափոխվեն, քանի որ  պետությանը մրցակից որևէ կառույց ժողովրդավարական երկրում չպետք է լինի. 
 
- Իսկ այս ամբողջը խոսում է այն մասին, որ գոյություն ունեն պետությանը մրցակից կառույցներ, պետական լծակներ, պետական գործառույթներ են իրականացնում, պետական ոլորտ են մտնում։ Դա պետության թույլտվությամբ էր արվում, որովհետև պետությունը բռնազավթված էր։
 
Ինչ վերաբերում է «ԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ» հարցին, ապա դրա պատասխանն այսօր հազիվ թե հիմնավոր հնչի, որովհետև կատարվածի հարուցած հույզերը կարող են խանգարել: Գոնե առժամանակ ԵԿՄ-ն նույնացվելու է գազանատեր, միլիոնատեր, Արմավի մարզի մի հատվածն իր տնամերձ բոստանը դարձրած թալանչի մեկի հետ: