Ինչո՞ւ էր աճապարում Տարոն Մարգարյանը

Երբ երկու օր առաջ ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել էր, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը, արդեն հասկանալի էր, որ Տարոն Մարգարյանն իրեն անցանկալի (մեղմ ասած), ու վտանգավոր մի էջ է փորձում պատռել: Ավելին, նրա այդ հապճեպ քայլին նախորդել էր ներկաիս ՀՀ Կրթության գիտության նախարարի ու ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հայցն՝ ընդդեմ հիմնադրամի:
 
- Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել Երևան հիմնադրամին՝ մեզ անհրաժետ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին: 
 
Ըստ շրջանառվող լուրերի՝ Երևանի ավագանու առաջիկա նիստում պիտի քննարկվեր հիմնադրամի լուծարման հարցը: Սական Երևանի քաղաքապետն այնքան է աճապարել, որ դրան էլ չի սպսել: Ի դեպ, նիստը նախատեսված է հունիսի 26-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում դրա օրակարգը կցված չէ: 
 
Հիմնադրամը փակելու որոշման հեղինակներին պետք չէր խորագետ լինել՝ գոնե ենթադրելու, որ կառույցը փակելով հազիվ թե կարողանան հետքերը մաքրել: 
 
Եվ ահա ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը՝
 
- Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության:
 
Այդ հաղորդագրությունը չուշացավ՝ քիչ առաջ ԱԱԾ-ից պարզաբանել են, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք քաղաքացիներին պարտադրել են խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամին:
 
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիներ Վ. Գ.-ից և Ա. Խ.-ից ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: 
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
 
Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
 
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ: