Դիլիջանի հյուրընկալության դպրոցը կներկայացվի Ղազախստանում կայանալիք միջազգային ցուցահանդեսին
Դիլիջանում ստեղծված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք «Կրթություն և կարիերա» միջազգային ցուցահանդեսին։
Այն կազմակերպվում է Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ։
Ցուցահանդեսին մասնակցության նպատակն է հաստատել նոր միջազգային գործընկերություններ ու ներգրավվել արտասահմանյան ուսանողներին դեպի Դիլիջան։ Այս մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ է՝ Դիլիջանը դարձնելու միջազգային կրթության և հյուրընկալության զարգացման առանցքային ուղղություն։
- Մեր նպատակն է, որ Դիլիջանը դառնա հյուրընկալության և գաստրոնոմիայի կրթության միջազգային հանգույց։ Ղազախստանում ներկայանալը մեզ հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու մեր ծրագրերը, այլև կառուցելու կամուրջներ այն երիտասարդների հետ, ովքեր ցանկանում են սովորել Հայաստանում՝ եվրոպական կրթական չափանիշներով և միջմշակութային միջավայրում,-նշում է դպրոցի ղեկավար Կատյա Բրեդիխինան։
Դիլիջանում բացված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը գործում է Եվրոպայի առաջատար կրթական հաստատություններից մեկի՝ Apicius International School of Hospitality-ի հետ համատեղ, ինչը ուսանողներին տրամադրում էր միջազգային կրթական մոդել և առաջատար մասնագիտական փորձ։





