3 խորհուրդ, կամ Backbone-ի հաջողության գաղտնիքները
«Կրթվելը նորաձև է» հարթակն օրերս հերթական անգամ դարձավ իրական ներշնչման վայր՝ հյուրընկալելով հայկական բրենդինգի ոլորտում կայացած մասնագետ, Backbone ընկերության հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանին։
Իր բանախոսության ընթացքում Ազարյանը Մատենադարանի Հ. Թամրազյանի անվան դահլիճում շուրջ 100 հանդիսատեսի հետ կիսվեց Backbone ընկերության հիմնադրման ու ստեղծագործական վերելքների, դժվարությունների և անձնական փորձի մասին:
Հիմնադիրն անկեղծացավ և պատմեց, թե ինչպես էր ընկերության գործունեության սկզբում պարզապես երազում աշխատել միջազգային բրենդների հետ։ Այդ երազանքը երբեմն թվում էր անիրագործելի, որովհետև վստահ էր, որ միջազգային ասպարեզ դուրս գալու համար երկար տարիներ են հարկավոր: Սակայն հենց այդ երազանքն ու հաստատակամությունն էլ դարձան իր ոգեշնչման աղբյուրը։ Սկսելով իր գործունեությունը որպես դիզայնի ստուդիա` Backbone ընկերությունը մի քանի տարի անց անկում ապրեց, ինչը ոչ թե կոտրեց թիմին, այլ շրջադարձային կետ դարձավ հետագա զարգացման համար` դիրքավորելով Backbone-ն արդեն որպես բրենդինգային ծառայություններ մատուցող ընկերություն, որը շատ արագ դուրս եկավ միջազգային շուկա:
Բանախոսության ամենամոտիվացնող հատվածը թերևս Ստեփան Ազարյանի 3 խորհուրդներն էին, որոնք Backbone-ի հաջողության գաղտնիքներն են: Նա կոչ արեց ներկաներին «թռչել» իրենց երազանքների ետևից: Խորհուրդ տվեց միշտ հիշել, որ ցանկացած վերելքին հաջորդում է վայրէջքը, և պետք է ամեն հաջողության հասնելու պահին նոր բան նախաձեռնել, որպեսզի անկումը ոչ թե վհատեցնի, այլ մի նոր սկզբի առիթ դառնա: Հորդորեց միշտ հիշել «Եթե նա կարող է, ես էլ կարող եմ» խոսքը:
Ընկերությունն արդեն իրականացրել է ավելի քան 200 նախագիծ աշխարհի տարբեր շուկաներում՝ Սլովենիայից մինչև Արաբական Էմիրություններ` պարբերաբար արժանանալով միջազգային մրցանակների: Ընկերության անունը տեղ է գտել բրենդինգի ոլորտի ամենահեղինակավոր Pentawards ցուցակի լավագույն քսանյակում։
Բանախոսության ավարտին մասնակիցներն ակտիվ հարցեր ուղղեցին բանախոսին` ինչպես ըկերության կառավարման և միջազգային համագործակցությունների, այնպես էլ ստեղծագործական գործընթացների մասին: Սա շարժման արդեն 52-րդ հանդիպումն էր, որը մասնակիցներին զինեց նոր գիտելիքներով` միաժամանակ ոգեշնչելով նրանց բանախոսի հաջողության պատմությամբ:
«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է:
•
Նույն օրը՝ նոյեմբերի 1-ին, «Իմ քայլը» հինադրամի Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի շահառուներն այցելել էին Հայ և ռուս ժողովուրդների
բարեկամության թանգարան։
Նոր բացահայտումների հետևից Արագածոտնի մարզից Աբովյան քաղաք էին ժամանել 51 փոքրիկներ, ովքեր ճանաչողական շրջայց կատարեցին «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում» և մասնակցեցին «Ծիսական տիկնիկների պատմությունը» կրթական ծրագրին։
Փոքրիկների աչքերում թանգարան մուտք գործելուն պես հիացմունք կար․ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին զբոսավարի պատմություններին՝ շրջելով ցուցասրահներով և ծանոթանալով երկու ժողովուրդների բարեկամության մշակութային ժառանգությանը։ Երեխաներից մի քանիսը նույնիսկ լրացումներ էին անում զբոսավարին` կիսվելով տարբեր մեծերի մասին իրենց ունեցած տեղեկություններով:
Ծրագրի երկրորդ հատվածն էլ ավելի ոգևորիչ էր փոքրիկների համար։ Տեսասահիկների միջոցով երեխաներին ներկայացվեցին հայկական ծիսական տիկնիկները՝ դրանց պատմությունն ու նշանակությունը։ Իսկ այնուհետև սկսվեց ինտերակտիվ հատվածը. խաղի միջոցով փորձեցին կռահել տիկնիկների անուններն ու դրանց խորհուրդը: Միջոցառման ամենասիրված հատվածը սակայն վերջինն էր՝ տիկնիկագործության վարպետաց դասը։ Երեխաներն ինքնուրույն պատրաստեցին իրենց ծիսական տիկնիկները՝ յուրովի ձևավորելով դրան:
Կազմակերպիչներն ուրախությամբ արձանագրեցին, որ այդ այցի արդյունքում երեխաները խորացրին իրենց հետաքրքրությունը թանգարանների և մշակութային ժառանգության նկատմամբ, ծանոթացան հայկական ծիսական տիկնիկների պատմությանը, զարգացրին ստեղծագործական հմտությունները տիկնիկագործության միջոցով։ Արագածոտնի 51 մշակութասեր փոքրիկների համար այս օրը վերածվեց ջերմ հիշողության։ Առջևում դեռ շատ մշակութային հանդիպումներ են սպասվում:





