Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 32-րդ China International Advertising Festival-ին և AdAsia Beijing 2025-ին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Պեկինում անցկացված երկու խոշոր միջոցառումներին` 32-րդ China International Advertising Festival (CIAF)-ին և AdAsia Beijing 2025-ին: Միջոցառումներին Հայաստանը ներկայացրել է Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
 
Մասնակցության նպատակն էր ամրացնել միջազգային համագործակցությունները և հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին միանալ համաշխարհային գովազդային համայնքում ընթացող զարգացումներին։ Մրցակցային ծրագրում և քննարկումներում կենտրոնական տեղ են ունեցել արհեստական բանականության դերը գովազդային և հաղորդակցական ոլորտներում, նորարարական գործիքներն ու դրանց ազդեցությունը բիզնեսի աճի վրա։ Անցկացվել են նաև քննարկումներ, որոնք վերաբերում էին ստեղծարար արդյունաբերության զարգացմանը և միջազգային շուկաների հետ փոխգործակցությանը։
 
AdAsia համաժողովը հիմնադրվել է 1958 թվականին Ճապոնիայում՝ Dentsu Inc.-ի նախագահ Հիդեո Յոշիդայի նախաձեռնությամբ։ AdAsia-ն Ասիայի խոշորագույն մարքեթինգային ու գովազդային հարթակներից է, որին մասնակցում են խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից ու ներկայացնում իրենց ոլորտայուն փորձը։ Ամեն տարվա թեման որոշում է հյուրընկալող երկիրը՝ հաշվի առնելով ոլորտային արդիական միտումները։ 
 
CIAF 2025-ը ոչ միայն ստեղծարարության տոն է, այլ նաև միջազգային բիզնեսների համար հնարավորություն՝ հասկանալու Չինաստանի շուկայի առանձնահատկությունները և մուտքային ռազմավարությունները։
 
Միջոցառման շրջանակում մասնակիցներին տրամադրվում են տարբեր հնարավորություներ՝ հաստատելու կապեր, ինչպես նաև մասնակցելու ոլորտի առաջատար մասնագետների կողմից ներկայացվող վարպետաց դասերին և բանախոսություններին։ Միաժամանակ կազմակերպվում են մասնագիտական ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ոլորտի լավագույն նախագծերն ու տաղանդները։