«Իմ քայլը» շարունակում է խթանել կրթության դերն ու միջազգային փորձի փոխանակումը

Հոկտեմբերի 25-ին ձևավորվեց «Կրթվելը նորաձև է» շարժման Աշտարակի տեղական կոմիտեն, որի կազմում ընդգրկված են համայնքի` տարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր ակտիվ ներկայացուցիչներ։
 
Շարժման կենտրոնական կոմիտեի անդամ և «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը հանդիպման ժամանակ անդամներին ներկայացրեց շարժման ռազմավարությունը, սկզբունքները, նպատակներն ու ընդհանուր դրույթները: Նա հատկապես շեշտեց շարժման ապաքաղաքական բնույթն ու բազմակարծության կարևորությունը։
 
Հանդիպմանը հաջորդեց այց Արագածոտնի Սասունիկ համայնքի նորակառույց միջնակարգ դպրոց, որտեղ ավարտին հասցվեցին կանանց երկրորդ ակումբի բացման նախապատրաստական աշխատանքները։ Ակումբը, որը կգործի դպրոցի շենքում, ունենալու է անգլերենի, յոգայի, թվային գրագիտության և ընթերցանության խմբակներ։
 
Տեղական կոմիտեի անդամները մեծ ոգևորությամբ արձագանքեցին կանանց ակումբի հիմնմանը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնության կարիքը վաղուց էր զգացվում համայնքում։ Նրանք հանդես եկան իրենց առաջարկներով՝ նոր խմբակների և հանդիպումների կազմակերպման շուրջ։
 
Ակումբը նախատեսում է ընդունել 25-30 կանանց, սակայն հետաքրքրվածների մեծ թվի դեպքում հիմնադրամը պատրաստ է վերանայել և ընդլայնել հնարավորությունները։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա սկզբին Արարատի մարզի Վարդաշենի նորակառույց միջնակարգ դպրոցում բացվել էր կանանց առաջին ակումբը: Մինչև տարվա վերջ կանանցակումբներ կբացվեն առնվազն ևս 2 մարզերում` ապահովելով կանանաց համար առօրյահոգսերից կտրվելու, շփվելու, զարգանալու ու կրթվելու միջավայր:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականն է, որ համայնքային նորակառույց դպրոցները ծառայեն ոչ միայն որպես երեխաների դասապատրաստման վայր, այլև դառնան համայնքային ակտիվ կյանքի շուրջօրյա կենտրոններ: Կանանց ակումբների հիմնումը ծառայում է այս առաքելությանը:
 
Նաև արձանագրենք, որ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, «Իմ քայլը» հիմնադրամի և Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ «Կրթվելը նորաձև Է» շարժման 5 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը գտնվում է Չինաստանի Ցզյանսի նահանգում՝ մասնակցելու «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» միջազգային սեմինարին։ Նրանց խոսքով` օրերն անցնում են հագեցած օրակարգով՝ կրթական, մշակութային և առաջնորդության կարողությունների զարգացման բազմաբովանդակ միջոցառումներով։ Մեր մասնակիցները տարբեր ոլորտների, տարբեր մասնագիտությունների տեր կանայք են, ովքեր այս օրերին ակտիվորեն ներկայացնում են Հայաստանը միջազգային հարթակում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, կապեր և հնարավորություններ։
 
Ծրագրի մեկնարկային օրը մասնակիցները ծանոթացան սեմինարի այլ պատվիրակների հետ, ինչպես նաև, հանդես եկան յուրօրինակ պրեզենտացիայով՝ ներկայացնելով Հայաստանի ազգային գույներն ու արժեքները։
 
Հաջորդող օրերը է´լ ավելի խիտ, բայց տպավորիչ են եղել. պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի ազգային առանձնահատկություններին նվիրված սեմինարին, որտեղ ներկայացվել են երկրի սոցիալ-մշակութային զարգացումները։ Սեմինարներ եղել են նաև հետևյալ թեմաներով՝ կանանց ներգրավվածությանը քաղաքական ոլորտում, «Կնոջ կրթությունը և կարիերան» և այլն: Մասնակիցներին հատկապես տպավորել է այցը Ցզյանսի նահանգի «Մոր և մանկան» հիվանդանոց, կանանց և երեխաների առողջապահական ծառայությունների կազմակերպման առանձնահատկությունները։
 
Ուսուցողական այցերի շարքում է եղել նաև փորձի ուսումնասիրում Խունցզին գյուղում, որտեղ ծանոթացել են շրջանների վերածննդի մոդելին։ Այնուհետև իրականացվել է մշակութային այց դեպի Վանշոու պատմական տաճար, որտեղ մասնակիցները բացահայտեցին տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։
 
«Իմ քայլը» հիմնադրամը՝ հանձին գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, շարունակում է խթանել կրթության դերն ու միջազգային փորձի փոխանակումը՝ որպես կայուն զարգացման հիմնական գործոն։ Այս սեմինարը ևս մեկ ապացույց է այն համոզմունքի, որ կրթական ներդրումը մարդկային կապիտալի մեջ ամենակայունն ու երկարաժամկետն է։