Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը՝ Արտաշատ մայրաքաղաքում

- Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը․ տեղեկանում ենք ԳԱԱ-ից,- տեղեկացնում է ABC MEDIA-ն՝ մեջբերելով հաղորդագրությունը․
 
- Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է,- ասում է արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանը:
 
- Հայտնագործության հիմնարար նշանակությունը նրանում է, որ էապես լրացնում է Հայաստանում քրիստոնեության տարածման մեխանիզմների և վաղագույն հոգևոր կառույցների ճարտարապետության մասին մեր պատկերացումները,- ասում է Մկրտիչ Զարդարյանը…
 
Սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։
 
- Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր,- նկատում է Մկրտիչ Զարդարյանը։
 
- Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ բեկորները,- նշված է հաղորդագրությունում։