Դիլիջանի երիտասարդները միավորվել են իրենց շրջակա տարածքը փոխելու գաղափարի շուրջ
Դիլիջանում հաջողությամբ իրականացվել է NextGen Dilijan երիտասարդական դրամաշնորհային ծրագիրը, որը միավորել է համայնքի ակտիվ, ստեղծագործ և նախաձեռնող երիտասարդներին՝ նպաստելու իրենց շրջապատի զարգացմանը։
Ծրագրի գործունեության առանցքում են եղել կրթությունը, մշակույթն ու արվեստը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, կայուն զարգացումն ու համայնքային առաջընթացը։
NextGen Dilijan ծրագիրը հնարավորություն է տվել Դիլիջանի ավագ դպրոցի 16–18 տարեկան աշակերտներին իրականացնել սեփական գաղափարները՝ վերածելով դրանք համայնքի բարելավմանն ուղղված իրական նախաձեռնությունների։ Մրցույթի հաղթողները ստացել են 1500 ԱՄՆ դոլարից սկսվող դրամաշնորհներ, ինչպես նաև աշխատել փորձառու մենթորների հետ՝ իրենց նախագծերը մշակելու և իրականություն դարձնելու համար։
Ծրագրի շրջանակում ծնվել են մի շարք հետաքրքիր գաղափարներ, որոնք ընդգրկում էին մշակութային, բնապահպանական, կրթական և համայնքային զարգացման ուղղություններ։ Այս ամենը ևս մեկ անգամ հաստատեց, որ երիտասարդությունը կարող է դառնալ դրական փոփոխությունների շարժիչ ուժ՝ ձևավորելով ավելի կենսունակ և ոգեշնչող միջավայր Դիլիջանում։
Ծրագրի ամենանշանակալի նախաձեռնություններից մեկը դարձավ Շամախյան թաղամասի բակային այգու (խաղահրապարակի) բարեկարգման նախագիծը։ Այն նպատակ ունի ստեղծել հարմարավետ, անվտանգ և ոգեշնչող տարածք՝ երեխաների և ընտանիքների համար։ Նախագիծը ամբողջությամբ իրականացվել է NextGen Dilijan դրամաշնորհի շրջանակներում։ Խաղահրապարակը պաշտոնապես կբացվի հոկտեմբերի 14-ին։
Այս նախաձեռնությունը վկայում է, որ երբ երիտասարդները ստանում են հնարավորություն և աջակցություն, նրանք կարող են փոխել իրենց միջավայրը՝ դարձնելով համայնքը ավելի գեղեցիկ, ապահով և միավորված։





