«Տանիքը՝ Հայաստան»
ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 5-ին Ապարանի մշակույթի կենտրոնում կկայանա «Տանիքը՝ Հայաստան» խորագրով ամենամյա մշակութային միջոցառումը՝ նվիրված Հայաստանի ազգային փոքրամասնություններին։
Այս տարի միջոցառումն ունենալու է երկու հիմնական ուղղություն՝ մշակույթ և խոհանոց։
Ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը ներկայացնելու նպատակով Ապարանի մշակույթի կենտրոնի դահլիճում կանցկացվի համերգ՝ երաժշտական և պարային կատարումներով։
Այնուհետև, մշակութային ծրագրին կհաջորդի ազգային խոհանոցների ցուցադրությունը․ հատուկ ձևավորված գաստրոզոնայում համայնքների ներկայացուցիչները ներկաներին կհյուրասիրեն ինչպես նախապես պատրաստված, այնպես էլ տեղում պատրաստվող ավանդական ուտեստներ՝ ներկայացնելով նաև դրանց բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները։
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքները։
Նախագիծն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և ազգային փոքրամասնությունների 11 համայնքների մասնակցությամբ։





