Meet Dilijan նախաձեռնությունը՝ Վրաստանում

Meet Dilijan նախաձեռնությունը, որը թիրախավորում է Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն, ներկայացվեց Վրաստանում: Մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց «Զբոսաշրջության ստանդարտներ» 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Զբոսաշրջության համաշխարհային օրվա շրջանակում։
 
«Զբոսաշրջության ստանդարտներ» միջազգային համաժողովը ամենամյա է և անցկացվում է 2020 թվականից։ Այս կարևոր հարթակը միավորում է տարբեր երկրների զբոսաշրջության մասնագետների, ովքեր ներկայացնում են իրենց երկրների ստանդարտներն ու կարգավորումները։ Համաժողովը հրաշալի հնարավորություն է կապերի հաստատման և բազմազան համագործակցությունների ձևավորման համար։ Հայաստանն այս համաժողովին ներկայացավ առաջին անգամ։
Բացի այդ, Վրաստանում առանձին միջոցառմամբ ներկայացվեց Meet Dilijan նախաձեռնությունը, որի նպատակն է ներկայացնել Դիլիջանի յուրօրինակ գրավչությունը որպես առաջատար զբոսաշրջային ուղղություն՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային այցելուների համար։  
 
Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն, Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը (GNTA) և Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիան (GTA)։ 
Հարթակը կտրամադրի տարբեր գործիքներ և ռեսուրսներ՝ այցելուներին հնարավորություն տալով խորությամբ բացահայտել քաղաքը՝ բնությունը, հարուստ մշակույթը, խոհանոցը և այլ կարևոր շերտեր։ Նպատակն է Դիլիջանը դարձնել ավելի ճանաչելի վրացական շուկայում և նպաստել Դիլիջանում զբոսաշրջության զարգացման խթանմանը։ 
 
- Ինձ համար մեծ պատիվ է Թբիլիսիի կենտրոնում խոսել Դիլիջանի մասին, որը Հայաստանի ամենագողտրիկ և գեղեցիկ քաղաքն է։ Դիլիջանը մեր երկրի ամենագեղեցիկ անկյուններից է, Թբիլիսիի և Երևանի մեջտեղում ընկած քաղաք։ Այն Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից է, որի զարգացումը թռիչքաձև է։ Խորհրդային տարիներին այն հայտնի է եղել իր առողջարաններով, բայց հետագայում այն դարձավ նաև տուրիզմի կենտրոն։ Այն ձգում է դեպի իրեն այցելող բոլոր զբոսաշրջիկներին։ Վերջին տարիներին նաև վրացի զբոսաշրջիկների թիվն է աճել Հայաստանում, որի համար նաև հպարտ եմ,- միջոցառմանն իր ելույթի խոսքում նշեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ 
 
- Դիլիջանն այս միջազգային հարթակում ներկայացնելը եզակի հնարավորություն է ոչ միայն բացահայտելու քաղաքի զբոսաշրջային և մշակութային ներուժը, այլև ամրապնդելու Հայաստանի դիրքերը տարածաշրջանային զբոսաշրջային քարտեզի վրա։ Մենք համոզված ենք, որ Դիլիջանը կարող է դառնալ մի կամուրջ Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջային շուկաների միջև՝ շնորհիվ իր բարենպաստ լոգիստիկայի, մոտիկ աշխարհագրական դիրքի և կարճատև հանգստյան ուղևորությունների հասանելիության։ Բացի այդ, Դիլիջանը մեծ ներուժ ունի համակցված տարածաշրջանային տուրերի համար՝ գրավելով միջազգային այցելուների, ովքեր ցանկանում են մեկ ուղևորության ընթացքում բացահայտել և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը։ Այս մասնակցությունը միաժամանակ մեծ պատասխանատվություն է և հնարավորություն ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է նոր մակարդակով ներկայանալ միջազգային գործընկերներին,- նշեց Meet Dilijan նախաձեռնության ներկայացուցիչ Կատյա Բրեդիխինան։ 
 
Իր ելույթում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ առանձնահատուկ շեշտեց՝ մեծ գումարներ են ներդրվելու Դիլիջանում ենթակառուցվածքների զարգացմանը։ Նրա խոսքով՝ իրենք վստահ են, որ Դիլիջանը կդառնա տարածաշրջանային կարևոր հաբ։ Գևորգյանը հույս հայտնեց, որ վրացի զբոսաշրջիկները բոլորովին այլ տեսանկյունից կբացահայտեն Դիլիջանը։ 
 
Միջոցառման մասնակիցները ծանոթացան Դիլիջանի հարուստ պատմությանը, մշակութային ժառանգությանը և զբոսաշրջային ներուժին։ Հատուկ ուշադրություն դարձվեց HoReCa ոլորտին (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ), քանի որ հյուրանոցներն ու հանրային սննդի օբյեկտները լինելու են Վրաստանից զբոսաշրջային հոսքի ավելացման հիմնական շահառուները։