Յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է փոքրիկ երազանքից

Իսկ երբ այդ երազանքին տրվում է հնարավորություն, այն դառնում է իրականություն։ «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակից սկիզբին» ծրագիրը հենց այդ հնարավորությունների մասին է։
 
Ծրագիրը նպատակ ունի աջակցել այն մարդկանց, ովքեր ունեն բիզնես գործունեություն սկսելու կամ զարգացնելու գաղափարներ, բայց չունեն բավարար ռեսուրսներ և գիտելիքներ՝ դրանք կյանքի կոչելու։
 
Հիմնադրամը հանդես է գալիս որպես կամուրջ՝ կայացած գործարարների և սկսնակների միջև՝ ձևավորելով բարեգործության մի նոր մշակույթ՝ հիմնված վստահության, երկարաժամկետ ազդեցության և երազանքների իրականացման վրա։
 
Տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, կազմակերպվում է բարեգործական ընթրիք ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ, որից գոյացած ողջ հասույթը տրամադրվում է ծրագրի այդ փուլի շահառուների գործարար ծրագրերը կյանքի կոչելու համար։ Հարկ եղած դեպքում հիմնադրամը իր ռեսուրսները ևս ավելացնում է հավաքված գումարին:
 
2024-2025 տարիներին ծրագրի՝ «Երիտասարդի երազանք» նախագծի շահառուներն էին 25-40 տարեկան երիտասարդ տղամարդիկ։ Նրանք արդեն անցել են բիզնես կառավարման և պլանավորման դասերը, ներկայացրել են իրենց ծրագրերը հատուկ ձևավորված հանձնաժողովին, ստացել են մասնակցության հավաստագրեր։ Այժմ հիմնադրամը գտնվում է դրամաշնորհների տրամադրման փուլում։
 
Գինի արտադրելը՝ որպես սիրելի զբաղմունք և ոչ միայն բիզնես
 
«Երիտասարդի երազանք» նախագծի շահառու Նիկոլայ Սարաֆյանը Արմավիրից է։ Տարիներ շարունակ նա և հայրը իրենց տան հարակից բակում տնկել են բերքատու ծառեր, մշակել հողը և պատրաստել բարձրորակ գինի՝ առանց որևէ ավելորդ հավելումների։ Այսօր արդեն իրենց գործունեությունն ընդլայնելու և ավելի մեծ շուկաներում ներկայացված լինելու ցանկություն ունեն։
 
- Գինի արտադրելը ինձ համար միայն բիզնես չի։ Դա՝ հոգեհարազատ գործ է, որը սկսել է հայրս։ Ես երազում եմ ստեղծել մառան, բարեկարգել հարակից տարածքը, այգում նստելու տեղեր ավելացնել, որտեղ մարդիկ կգան ոչ միայն գինի խմելու, այլև հանգստանալու, բնության գրկում ժամանակ անցկացնելու,- ասում է նա։
 
Մեզ բոլորիս պետք է ֆիզիկապես ակտիվ լինել
 
Շիրակի մարզից Միհրան Բաղդասարյանը ստեղծել է ալպինիզմի և ակտիվ ժամանցի բացօթյա կենտրոն, որի տարածքում նախկինում ոչինչ չկար՝ մեծ տարածք էր լցված աղբով, մի քանի տոննա պլաստիկով։
Նա իր միջոցներով մաքրել է տարածքը՝ հավաքել պլաստիկը, տնկել ծառեր, կառուցել տարբեր զոնաներ՝ մագլցման պատից մինչև շոգեբաղնիք, լողավազանից մինչև աստղադիտման զոնա։
 
Նրա երազանքն է «Հյուսիսային պատ»-ը դարձնել լիարժեք զբոսաշրջային կենտրոն, ուր մարդիկ կգան ոչ միայն արկածների, այլև վրաններով գիշերակացի, ընկերներով քաղաքի աղմուկից կտրվելու, մարմինն ու հոգին մարզելու նպատակով։
 
Թալին Թօփալաքեանը՝ հիմնադրամի փոխտնօրենը, մեզ հետ զրույցում նշել է.
 
- Այս նախագիծը իսկապես երազանքները կյանքի կոչելու մասին էր։ Ես հիշում եմ մեր բոլոր 86 մասնակիցներին այս ճանապարհի դեռ ամենասկզբում, երբ իրենց առաջին քայլերն էին անում։ Իսկ հետո արդեն հանձնաժողովի հետ միասին տեսանք իրենց ստացած գիտելիքների և դասընթացների ազդեցությունը։ Մասնակիցները շատ պրոֆեսիոնալ գործարար ծրագրեր ներկայացրին։
 
Նա հավելել է, որ հիմնադրամը արդեն մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը, որի շահառուներն են նորաստեղծ ընտանիքներ՝ խրախուսելով երիտասարդության ներգրավվածությունը տնտեսության ու համայնքային զարգացման գործում։ Ծրագրի ղեկավարի հետ մանրակրկիտ կերպով դիտարկվում են բոլոր հայտերը, ստուգվում են չափորոշիչներն ու ընտրվում են պոտենցիալ շահառուները։ Առաջիկայում դիմորդների հարցազրույցների փուլն է։