«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը՝ հայրաքաղաք Գյումրիում

Մինչ բանախոսությունների մեկնարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծաղիկներ խոնարհեցին Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին։
 
Գյումրեցիները «Կրթվելը նորաձև է» շարժումն ընդունեցին գրկաբաց՝ իրենց հատուկ ջերմությամբ։
Այս անգամ էլ մոտ 600 կրթարշավի կենդանի օղակ մասնակցեց հանդիպմանը, որն անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններ, երաժշտական հատված, ակտիվ հարցուպատասխան և սուրճի ընդմիջում։
 
Հանդիպումն, ինչպես միշտ, իր «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությամբ մեկնարկեց շարժման ղեկավար Աննա Հակոբյանը։ Վարչապետի տիկինն իր խոսքում անդրադարձավ պատմական հիշողության, ներկայի իրականության և ապագայի կապին։ Աննա Հակոբյանի համոզմամբ՝ ժամանակակից մարտահրավերների լուծման բանալին կրթության մեջ է, իսկ փոխվելու և կրթվելու ճիշտ պահը հենց այսօր է։
 
«Կրթվելը նորաձև է» շարժումը իրականում կրթվելու, ինքնազարգանալու, միմյանց հետ անկեղծ շփվելու, նախապաշարմունքներից զուրկ երկխոսել սովորելու մասին է։
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան» բանախոսություններում խոսեց պատասխանատու քաղաքացի լինելու կարևորության մասին՝ կրթությունը ներկայացնելով որպես կայուն զարգացման առանցք։
 
Շիրակցիները ևս հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու վարչապետին և նրա տիկնոջը։ Մասնակիցներից մեկը, ով մասնագիտությամբ ուսուցիչ էր, շնորհակալություն հայտնեց ոլորտում կատարված փոփոխությունների համար՝ մասնավորապես ատեստավորման համակարգի ներդրման կապակցությամբ։
 
Գյումրիի հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ շարժումը ճիշտ ուղու վրա է։ «Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է ընդլայնվել՝ ամրապնդելով իր բովանդակային կարևորությունը և ներգործությունը։
Առաջիկայում սպասեք նորություններ շարժման ընդլայնման նոր ծրագրերի և նախագծերի մասին։
 
Հուլիսի 6-ին և հուլիսի 13-ին հանդիպումները կլինեն Աշտարակում և Մարտունիում։