Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերի աճ է արձանագրվել

Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ինքնավնասում կատարած անձանց թիվն աճել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023 թվականի 155-ի համեմատ։
 
Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնում կայացած «Ինքնավնասման և ինքնասպանությունների կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը հայտնեց, որ 2024 թ. սկզբին արձանագրվել է 626 ինքնավնասման դեպք, որոնց մեջ հաշվառված են նաև ինքնավնասում կատարելու վերաբերյալ 101 բանավոր հայտարարություններ։
 
Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է: 
 
Ըստ Ալեքսանյանի՝ ինքնավնասման ամենաշատ դեպքերն արձանագրվում են այն ՔԿՀ-ներում, որտեղ մարդիկ պահվում են ավելի փակ խցային պայմաններում։ Առավել հաճախ ինքնավնասումներ կատարում են այն անձինք, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու և սեփական ժամանցն ու առօրյան տնօրինելու առումով։
 
Դիտարկումների համաձայն՝ կացարանային պայմաններում (ավելի շատ անձնական տարածքով և ժամանակի կառավարման հնարավորությամբ) պահվող անձինք ավելի քիչ են դիմում ինքնավնասման։ Ինքնավնասումների ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։