Տարատեսակ միջոցառումներ՝ հայաստանյան թանգարաններում

Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։
 
Մասնավորապես, Հովհաննես Թումանյանի թանգարանը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 156-ամյակի շրջանակում կիրականացնի «Իմ Թումանյանը» նկարչական մրցույթի ամփոփում։ Բացի այդ, բ.գ.թ., գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բ.գ.թ., գրականագետ Հայկ Համբարձումյանը հանդես կգան «Դու քո ճամփեն գնա քույրի՜կ... Թումանյանը և կանայք» գրական բանավեճով։ Կինը՝ Թումանյանի գրական և գեղարվեստական ժառանգության մեջ, կինը՝ բարձրագույն պատկերացման դիրքերից, բանաստեղծին ոգեշնչած մուսայաստեղծ կանայք, նրա ընկերակցությանն ու բարեկամությանը, սիրուն ու ջերմությանն արժանացած կանայք, կնոջ դերի թումանյանական ընկալումը. այս և ուշագրավ այլ մանրամասներ գրական բանավեճում:
 
Բացի այդ, կկայանա «Կյանքը գրքերեն» ձեռագիր գրքի ստեղծագործական մեկնարկը, «Նվարդ Թումանյան.Նամականի, Գիրք Բ» շնորհանդեսը, ինչպես նաև համերգով հանդես կգա «Մեղեդի» լարային քառյակը։ Միջոցառումները տեղի կունենան Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի Հովհ. Թումանյան թանգարանի ժամանակավոր ցուցասրահում։ 
 
Հովհ․ Թումանյանի ծննդյան օրը Գրականության և արվեստի թանգարանը կնշի թանգարանի ֆոնդերից առանձնացված գրքային այն ընծայագրերի ցուցադրությամբ, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր բովանդակությամբ, ձևավորումներով, նուրբ շեշտադրումներով, տարբերվող ձեռագրերով և ոճով։ Այս ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու, թե ինչ գրքեր էին միմյանց նվիրում հայ, արևմտահայ, ինչպես նաև այլազգի նշանավոր մտավորականները և ինչպես էին նվիրում, որ գիրք նվիրելն իսկապես դառնա հիացմունքի, երախտագիտության արտահայտման հիշարժան ձև և լավագույնս ներկայացնի անձնական, մտերմիկ, ընկերական ջերմ հարաբերությունները։ Ընծայագրերի ցուցադրությունը կգործի մինչև մարտի 7-ը։
 
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Եղնիկը» նկարազարդ հեքիաթ- գրքույկի շնորհանդեսը, որին կմասնակցեն արև մոդելները։ Բացի այդ, տուն թանգարանը գրքի տոնի առթիվ կազմակերպել է մրցույթ, որի ամփոփումը ևս տեղի կունենա փետրվարի 19-ին։ 
 
Փետրվարի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Մաեստրոյի Ջութակի և նվագախմբի համար կոնցերտի նոտաների ժողովածուի շնորհանդեսը։ Երկար սպասված նախագիծը իրականցվել է և նոտաները հրատարակվել են «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակներում: 
 
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սարյան - Իսահակյան . Խոսքերի և գույների աշխարհում» խորագիրը  կրող դաս-միջոցառում։ 
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում կներկայացվի նոր հրատարակված «Բանաստեղծուհու ներաշխարհը» գիրքը՝ նվիրված Կապուտիկյանի գրական ժառանգությանը: Կհրավիրվեն տուն-թանգարանի հետ սերտորեն համագործակցող դպրոցների լավագույն աշակերտները, ովքեր կներկայացնեն Կապուտիկյանի ստեղծագործություններից և կպարգևատրվեն գրքերով:
 
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կանցկացվի «Մեր ազգի սիրած Վերք Հայաստանին» համատեղ ժամանակավոր ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի երկու բացառիկ` 1858 թ. առաջին և 1908 թ. հրատարակությունները, որոնք Թումանյանի անձնական գրադարանից են։ Ներկայացված կլինեն նաև Թումանյանի ձեռագրերը` «Վերք Հայաստանի» վեպի ուսումնասիրությունից, ինչպես նաև Ներսիսյան դպրոցի շրջանավարտների ալբոմի եզակի նմուշը։
 
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում կանցկացվի «Դեմիրճյանը՝ Թումանյանի հետ» խորագրով թեմատիկ զրույց, մեկ ցուցանմուշի ժամանակավոր ցուցադրություն, գրքերի նվիրատվություն։ Միջոցառմանը բանախոսները կպատմեն ուշագրավ դեպքեր Դեմիրճյանի և Թումանյանի բարեկամության մասին, կներկայացնեն բացառիկ լուսանկարներ, կընթերցեն Թումանյանին նվիրված Դեմիրճյանի բանաստեղծությունը, հատվածներ Դեմիրճյանի «Թումանյանի հետ» գրքից։ Ժամանակավոր ցուցադրությամբ կներկայացվի Դեմիրճյանի «Թումանյանի հետ» գիրքը (Երևան, «Հայաստան» հրատ․, 1969 թ․)։ Թանգարանը հյուրերին կնվիրի տուն-թանգարանի հրատարակած «Արդի դեմիրճյանագիտություն» ժողովածուն և այլ գրքեր։ 
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կանցկացվի արի խաղալիքների տուն ինտերակտիվ հանդիպում-ընթերցանություն՝  մանկագիր Հասմիկ Ափոյանի հետ։