«ՀՀ-ն ձեռք է բերում զինատեսակներ, որոնք ունակ են հեռահար հարվածել Ադրբեջանի տարածքին»

ԲԱՔՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԻՆ

Ինչպեսև սպասելի էր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին արձագանքել է Ադրբեջանը՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի բերանով։ Այն թարգմանաբար հրապարակել է factor.am-ը, որը ներկայացնում ենք ստորև։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականի փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում պնդումները, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, արևմտյան ադրբեջանական համայնքի նպատակների մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ «անհիմն հայտարարություններ» ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն և համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հոդվածը։ 
 
- 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին մոտ 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին։ Ավելին, վերջերս ստորագրված ռազմական պայմանագրերով Հայաստանը ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են հեռահար հարվածներ հասցնել ադրբեջանական տարածքներին։ Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության և իրավական ակտերում առկա տարածքային պահանջները, ինչպես նաև այն փաստը, որ ռևանշիզմը մեծանում է, Հայաստանի ռազմական ներուժի ավելացումն ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի անվտանգությանը,- հայտարարել է Հաջիզադեն։ 
 
Նա նաև նշել է, թե, իբր, Հայաստանի պնդումները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեության և նպատակների վերաբերյալ, «որոնց հիմնական նպատակն անվտանգ և արժանապատիվ վերադարձն է այն տարածքներ, որտեղից նրանք վտարվել են, բացարձակապես անհիմն են»։ Հաջիզադեն նաև հայտարարել է, թե Երևանը, իբր, խուսափում է իր պարտավորությունները կատարելուց, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ 
 
- Իր պարտավորությունների կատարման համար գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, այդ թվում՝ Ադրբեջանի այլ տարածքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի ապաշրջափակման հետ կապված, ուշադրությունը շեղում է այս գործընթացից։ Հայաստանի անտեղի առաջարկները բերում են թյուրիմացությունների և խեղաթյուրում են իրականությունը։ Ինչ վերաբերում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ստեղծմանը, ապա հայտնի է, որ ավելի քան 30 տարի Հայաստանը կոպտորեն խախտել է սպառազինությունների վերահսկման մեխանիզմները, որոնց մասնակցում է, թաքցրել է իր ռազմական տեխնիկայի և զենքի մեծ մասը՝ դրանքն ապօրինի տեղակայելով մեր տարածքում,- ասվում է հայտարարության մեջ։ 
 
Հավելենք՝ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում ընդգծել էր, որ ՀՀ-ի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ։
 
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի