ԻԻՀ-ն վճռականորեն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը

Սյս մասին երեկ՝ փետրվարի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպանի ասուլիսից մանրամասներ է ներկայացրել Արմենպրեսը։
Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը։
Նա նաև վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը և սահմանների անխախտելիությանը։
- Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը,-ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Սոբհանիի խոսքով՝ Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
- Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների ու տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ սերմանել մեր միջև,-շեշտել է Մեհդի Սոբհանին։
Իրանը դեմ չէ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է արվի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու հիման վրա՝ հայտարարել է Մեհդի Սոբհանին․
- Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը։ Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո։
Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Ցանկացած ճանապարհ, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հայտարարել է դեսպանը։
Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունի, ինչ Հայաստանը։
Իրանն այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին, քանի որ դա վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։
- Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք և միատեսակ ենք մտածում։ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռուսաստանի հայտարարություններից բխում է, որ այդ երկիրը դեմ չէ միջանցքային տրամաբանությանը՝ Սոբհանին շեշտեց.
- Մենք հստակորեն և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Մենք դեմ ենք միջանցքային տրամաբանությանը, մենք դեմ ենք որևէ ճանապարհի, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո, դեմ ենք նրան, ինչը կբերի սահմանների փոփոխության։ Մենք այս մասին հստակ արտահայտվել ենք, և այս հարցում այլ երկրների նկատառումները մենք հաշվի չենք առնում։ Որոշ երկրներ փորձում են նման կասկած առաջացնել, որ Իրանն այս հարցում իր դիրքորոշումներից նահանջել է։
Այդ հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված։ Մենք մեր երկրի ազգային անվտանգության հարցում հաստատակամ ենք։ Սա մեր դիրքորոշումն է, համեմատեք մյուս երկրների դիրքորոշումները մեր դիրքորոշման հետ, եթե դրանք չեն համընկնի, ուրեմն մենք այդ երկրի հետ տարաձայնություններ ունենք։ Մեզ համար առաջնահերթը մեր երկրի շահերն են,- ասել է Սոբհանին։
Դեսպանը հավաստիացրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր հաստատակամ դիրքորոշումից չի նահանջելու, այդ հարցով որևէ գործարքի չի գնալու որևէ մեկի հետ։
ՀՀ-ում Իրանի դեսպանի հավաստմամբ՝ Իրանը դիվանագիտական ճանապարհով կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կանխվի նոր էսկալացիան
Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։
- Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով վիճահարույց խնդիրները կարգավորելու մոտեցմանը և միանշանակ դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային հարցերը լուծելուն։ Մենք կգործադրենք մեր ողջ ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի ու այլ երկրների հետ մեր հարաբերությունները, որպեսզի կովկասյան տարածաշրջանը չմտնի նոր լարվածության փուլ։
Միջանցք բացելու հարցում ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Իրանը կիսում է Հայաստանի տեսակետն առ այն, որ ցանկացած երկրի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործարկվեն այդ երկրների ինքնիշխանության ներքո։ Սա նաև միջազգայնորեն ընդունված իրավունք է։ Եթե Հայաստանի նկատմամբ իրականացվի ագրեսիա, ապա կարծում եմ, որ նախևառաջ Հայաստանն ի զորու կլինի պաշտպանել իրեն։ Հայաստանի պաշտպանական հնարավորությունները թույլ չեն և այդ կարողությունները պետք չէ թերագնահատել,- ասաց դեսպան Սոբհանին։